Ապաշխարություն «Էրմիտաժում»
Առաջին անգամ ես Աստծուն եմ դիմել 8 տարեկանում: Հարցրեցի. որտեղի՞ց եմ ես հայտնվել: Եվ ստացա պատասխան, որ կյանքը տալիս է Հիսուս Քրիստոսը: Այդ ժամանակ ես դեռ ոչինչ չգիտեի Հիսուսի մասին, չէի հասկանում՝ որտեղ փնտրել Նրան, ինչպես Նրա հետ շփվել: Տեսել էի, թե ինչպես էին ապրում իմ ծնողները, ուրիշ մարդիկ, որքան են նրանք տարված ունայնությամբ ու հոգսերով, և նրանց նման ապագա ունենալ ես չէի ցանկանում:
Մի կողմից ամենօրյա նույն ձանձրույթը, մյուս կողմից՝ անհաղթահարելի ձգտումը ամեն տեսակ մեղքերի հանդեպ, ոչ սովորական կյանք ունենալու ծարավը, ի վերջո, ինձ դրեցին թմրադեղերի ճանապարհի վրա:
Իսկ դրանցից կախվածությունը շատ արագ է զարգանում: Որպեսզի մարեի առաջացող ծախսերը, սկսեցի ինքս զբաղվել որոշակի չափաբաժնի պատրաստմամբ ու վաճառքով: Ես բավականին շփվող բնավորություն ունեմ, ուստի շատ հեշտությամբ ծանոթացա տատիկների հետ, ովքեր աճեցնում էին իրենց այգիներում համապատասխան բույսը: Սովորեցի ինքս պատրաստել դրանցով թուրմ և իրացնել համապատասխան միջավայրում:
Անկեղծ ասած՝ ինձ համար անտանելի էր դրանով զբաղվելը: Բավական չէ՝ ինքս էի տանջվում՝ թմրադեղեր ընդունելով, դեռ ուրիշներին էլ ներքաշում էի դրա մեջ: Բայց իմ թմրամոլ ընկերները ողջունում էին իմ այդ նախաձեռնությունը և թույլ չէին տալիս վերջ տալ այդ առուծախին: Նրանց համար ես հարմար տարբերակ էի՝ փորձված մարդ, վստահելի, չէ՞ որ թմրամոլի կյանքը լի է վախերով ու լարվածությամբ, թե կբռնեն, կնստեցնեն բանտ, թե կմնան առանց համապատասխան չափաբաժնի, թե կխաբեն ու պահանջված թուրմի փոխարեն այլ բան կվաճառեն, թե քեզ վաճառող թմրամոլն ինքը կարող է պարզապես մեկ օր քեզ սպանել…
Չնայած իմ ուժեղ բնավորությանը և ամեն իրավիճակին հարմարվելու կարողությանը, որոշ ժամանակ անց իմ ներսում իսկական դատարկություն էր, ինչն անխնա տանջում էր ինձ: Թմրանյութերն իրենց սև գործը լիովին արել էին իմ ներսում՝ դանդաղորեն, բայց նպատակասլաց կերպով կործանելով կյանքս: Մի քանի անգամ փորձեցի հրաժարվել, բայց հերթական չափաբաժնի ընդունման պահանջը ամեն անգամ հաղթում էր իմ կամքի ուժին: Ծանոթներս խորհուրդ տվեցին հոգեմետ դեղեր խմել թմրանյութ օգտագործելու փոխարեն՝ մտածելով, թե այդպես հեշտ կլինի ազատագրվել ի վերջո դրանցից: Բայց ես չափից դուրս շատ էի դրանք օգտագործում, կյանքս կորցնելու աստիճանի շատ, այնպես որ դրանցից էլ ազատում չկար: Սկսել էի կարդալ տարբեր գրքեր ակուլտիզմի մասին՝ փորձելով գտնել որևէ փրկարար միջոց այդ ամենից: Իզուր: Ոչ մի ենթագիտակցական թերապիա, ոչ մի մեդիտացիա չկարողացան օգնել ինձ ազատվել թմրանյութերի կախվածությունից:
Հինգ տարի այդ նյութերն ընդունելուց հետո ինձ մոտ առողջական շատ լուրջ խնդիրներ էին առաջացել երիկամներիս ու սրտիս հետ: Լիովին անելանելի վիճակում էի հայտնվել: Մեկ անգամ տունս մեծ հրդեհ բռնկվեց, և ես չէի հասկանում, թե ինչպես էր դա տեղի ունեցել: Մի ուրիշ անգամ ոստիկանությունն էր ընկել իմ հետևից, և ստիպված էի երկար ժամանակ թաքնվել ու նստել առանց գումարի: Հետո ծնողներս ինձ հիվանդանոց պառկեցրին՝ իմանալով իմ թմրամոլ լինելու մասին, սակայն արդյոք դրանից կա՞ բժշկություն: Քայլում էի հիվանդանոցի միջանցքներով և մտածում. «Ես ունեմ հիմա երկու մեծագույն երազանք՝ երբեք չընդունել թմրանյութ և հենց այս պահին գոնե մեկ չափաբաժին ընդունել»: Դուրս եկա հիվանդանոցից և նորից նույն կյանքը շարունակեցի: Օրերս անցնում էին հերթական չափաբաժինը գտնելու վրա, իսկ գիշերներս՝ գումար ցաստակելու վրա: Թվում էր՝ այդ խելագարությանը վերջ չկա:
Որոշ ժամանակ անց ոտքս սկսեց փտել: Ես տեսնում էի դա, տանջվում ու միաժամանակ հասկանում, որ ինքս եմ մեղավոր իմ այդ տանջանքների համար: Չէ՞ որ կարող էի ապրել սովորական կյանքով, ինչպես իմ բազում հասակակիցները, և երբեք չիմանայի, թե ինչ բան է թմրանյութը: Բժշկի չէի դիմում, ներքուստ դեռ աղոտ հույս ունեի, թե մահվան վախի ազդեցության տակ կդադարեմ թմրանյութ ընդունել: Բայց ոչ մի վախ չէր կարող կանգնեցնել ինձ: Ես նորից վերցնում էի ներարկիչը և լցնում հերթական թույնը իմ մեջ:
Աստված, իհարկե, տեսնում էր իմ անհույս որոնումները՝ թմրանյութերից ազատվելու: Նա թույլ չէր տալիս ինձ մահանալ: Եվ Նա կամաց թակում էր իմ սրտի դուռը՝ առաջարկելով միակ ճշմարիտ պատասխանը իմ բոլոր հարցերի:
Մի անգամ ես ռադիո էի լսում, ինչ-որ հոգևոր հաղորդում էր, և լսեցի «ապաշխարություն» բառը: Չգիտեմ ինչպես դա իմ ներսում կատարվեց, բայց միանգամից մտածեցի, որ, այո՛, պետք է Աստծո առաջ ապաշխարել, և դա կլինի այն ելքը, որը ես երկար փնտրել եմ:
Միանգամից հենց այդ վայրկյանին Աստծուց ներողություն խնդրեցի իմ մեղքերի համար ու հանկարծ այնպիսի թեթևություն զգացի: Բայց ներսումս զգում էի, որ դա բավական չէր: Զգում էի, որ պետք է դեռ վերապրեմ Հիսուս Քրիստոսի ներող զորությունը իմ մեջ, ընդունեմ իմ ներսում Նրա փրկագնող զոհը:
Կարճ ժամանակ անց ես վերապրեցի իսկական ապաշխարություն, և դա կատարվեց ոչ թե եկեղեցում, այլ, որքան էլ զարմանալի է, Էրմիտաժում:
Աշնանային մի գիշեր իմ ընկերուհու հետ քայլում էինք Պետերբուրգի փողոցներով, խոսում էինք ամեն տեսակ դատարկաբանություն: Եվ առավոտվա կողմ հանկարծ մտքովս անցավ գնալ Էրմիտաժ: Պետք է ասեմ, որ նման մտքեր իմ շրջապատի մարդկանց գլխում հազվադեպ են ծագում, բայց մենք ընդունեցինք այդ տարօրինակ գաղափարը և ուղղվեցինք դեպի թանգարան:
Եվ ահա մեր կյանքի այդ կեղտից, մոխրագույն փողոցներից մենք ոտք ենք դնում Էրմիտաժի հրաշագեղ դահլիճներ: Շուրջբոլորը ոսկի է, գեղեցկություն… Ես քայլում էի՝ ապշած նայելով ամեն մի կտավին, ամեն մի քանդակին… ու մտածում էի. «Ինչի՞ համար է այս ամբողջ գեղեցկությունը: Չէ՞ որ սա մարդիկ են հորինել, որպեսզի այնքան էլ տհաճ չլինի ապրել իրական տխուր ու անգույն աշխարհում: Իսկ գուցե իրականում գոյություն ունի՞ լուսավոր ու մաքուր կյանք… Եթե կա գեղեցկություն, ապա այն կեղտը, որի մեջ ես թավալվում եմ, ինչ-որ թյուրիմացություն է…»:
Այս մտքերով ես մտա հերթական դահլիճը, որտեղ ողջ ստեղծագործությունները նվիրված էին Հիսուս Քրիստոսին. ինչպես է Նա տարել խաչը, ինչպես է Նա տանջվել… Ես տեսա Ռուբենսի կտավից մի հատված, որտեղ Հիսուսը պատկերված է փշե պսակով: Կանգնեցի այդ կտավի առջև՝ ինչպես հմայված, չէի կարողանում հայացքս թեքել Քրիստոսի դեմքից. որքա՜ն տառապանք կար նրանում, որքան հեզություն, որքան սեր… ես հանկարծ իմ ողջ էությամբ հասկացա, որ Հիսուսը խաչի վրա մահացել է հենց իմ մեղքերի համար: Ես գիտեի Նրա մասին դեռ մանկուց, նույնիսկ աղոթել էի Նրան, բայց միայն այժմ գիտակցեցի, որ իմ կյանքը պարզապես կողքովս անցել է, որ իրականում ես չեմ ապրել այն: Բոլորին ասել էի, թե հավատում եմ Աստծուն, թե ինձ համար առաջին տեղում Նրա օրենքներն են, բայց… կենսակերպս բոլորովին հակառակն էր ցույց տալիս:
Ես արտասվում ու արտասվում էի մոտ երկու-երեք ժամ՝ կանգնած մնալով այդ նկարի առջև, և չէի կարողանում հանգստանալ: Ինձ զգում էի այնպես կեղտոտ և անարժան Նրա սուրբ հայացքի ներքո: Այդ օրը ես այդ թանգարանից դուրս եկա բոլորովին ցնցված: Քրիստոսի կերպարը դեռ երկար ժամանակ իմ աչքերի առջև էր: Թափառում էի քաղաքի փողոցներով, ասես փոքրիկ մոլորված երեխա լինեի, չգիտեի՝ ուր գնալ: Վերջապես մտա սրճարան, որտեղ հավաքվել էին իմ ընկեր-թմրամոլները, նստեցի բոլորից առանձին: Չէի կարողանում ոչ ոքի դիմել, ընկերներիս հարցերին չէի պատասխանում և իմ պահվածքով զարմացնում էի նրանց:
Մոսկվա տանող ամբողջ ճանապարհին ես մտածում էի, թե ինչպես եմ հետագայում ապրելու: Առաջին հերթին ուզում էի իմանալ՝ Աստված ինձ կների՞, թե՞ ոչ: Եվ որոշեցի. «Եթե Նա իրականում ցանկանում է ներել ինձ, ուրեմն թող ուղարկի մեկին, ով կօգնի ինձ եկեղեցի գնալ»: Ու միանգամից էլ ծնվեց հաջորդ հարցը. «Իսկ եթե երբեք էլ ոչ մի մարդու չուղարկի՞»: Այդ պահին հասկացա, որ այս կործանվող աշխարհում անիմաստ է ապրել առանց Աստծո:
Շատ շուտով Աստված ինձ պատասխանեց. սերը իրեն երկար սպասեցնել չի տալիս: Ես ծանոթացա մի հավատացյալ աղջկա հետ: Հասկացա, որ Տերը ինձ օգնության ձեռք է մեկնում այդ աղջկա միջոցով: «Գիտե՛ս, ես թմրամոլ եմ, բայց ցանկանում եմ վերջ դնել այդ կյանքին: Խնդրո՛ւմ եմ, տար ինձ քո եկեղեցի»,- խոստովանեցի ես նրան: Այդ աղջիկն այնպես զարմացավ իմ այդ անկեղծությունից, որ ասաց. «Իսկ այդ ինչո՞ւ դու հանկարծ որոշեցիր եկեղեցի գալ»: Նրան պատասխանեցի նույն լրջությամբ. «Ես վաղուց եմ փնտրում Աստծուն, և եթե քո եկեղեցին ընդունում է ինձ նման թմրամոլների, ուրեմն դա այն վայրն է, որն ինձ պետք է»:
Տերն ազատագրեց ինձ թմրանյութերի կախվածությունից երրորդ հավաքույթի ժամանակ, երբ ես խոստովանեցի Նրան իմ մեղքերը: Այդ ժամանակից անցել է արդեն 11 տարի, և ես վերապրում եմ ոչ մի բանի հետ չհամեմատվող ուրախություն և ազատություն, որ նվիրել է ինձ սիրող Աստված: Հիսուս Քրիստոսը ինձ լիարժեք մարդ դարձրեց, և այժմ ես սիրում եմ իմ վկայությամբ օգնել ու ձեռք մեկնել ուրիշներին, ովքեր նույնպես ընկել են «թմրամոլություն» կոչվող խորը անդունդի մեջ:
Իրինա Կ.