ԱՄՆ-ում եկեղեցու փառաբանության առաջնորդի ընտանիքում հրաշք է կատարվել

«Բեթել» եկեղեցու փառաբանության առաջնորդ Ջոել Թեյլորը և իր կինը՝ Ջենին, կիսվել են հրաշքով, որը կատարվել է իրենց երկու փոքրիկ երեխաների հետ: Տոներից առաջ նրանք վարակվել էին մի վտանգավոր հիվանդությամբ՝ E.coli (աղիքային վարակ):

Սկզբում նրանց երկուամյա որդու՝ Ջեքսոնի մոտ է հայտնաբերվում աղիքային ցուպիկ, որը խախտում է երիկամների աշխատանքը և առաջացնում մի շարք բարդացումներ երեխայի կյանքի համար: Ընդամենը մի քանի օր անց ծնողները կիսվում են նրանով, որ իրենց 4-ամյա դուստրը նույնպես վարակվել է, և չնայած նրա ախտորոշումն այդ աստիճան ծանր չէր, նրանք հայցում էին բոլորի աղոթքները. տեղեկացնում է Christian Post-ը:

Պայքարի մի քանի շաբաթներից հետո ընտանիքը փոփոխություն է տեսնում Ջեքսոնի մոտ:

Ընտանիքի հայրը վկայում է իր ինստագրամյան գրառման մեջ. «Հրաշքները միշտ այնպիսին չեն, ինչպիսին որ դուք ցանկանում եք տեսնել: Աստծո ժամանակը հաճախ իմաստ չի ունենում մեզ համար, մինչև մենք հետ չենք նայում՝ տեսնելով, որ մագլցել ենք մեր սարերը և անցել անդունդների վրայով, և այդ ամենը ոչ մեր զորությամբ: Հենց այդ ժամանակ է, երբ Աստված դառնում է քո միակ ընտրությունը, դու սովորում ես, որ դա նվեր է, որ հավիտյան հետք կթողնի քո կյանքում: Ամեն վայրկյանը որդուս կողքին՝ գանձ է…»:

Երկուշաբթի օրը նրա կինն ասում է, որ իրենց որդու ապաքինումը հույս է ներշնչում:

Հազարավոր մարդիկ ողջ աշխարհով մեկ աղոթում էին երեխաների համար, այնպես որ՝ նրանց վիճակի մասին հաղորդագրությունները օրեր շարունակ հայտնվում էին քրիստոնեական պարբերականների գլխավոր էջերում, և հիմա ծնողներն ասում են, որ աղոթքները գործում են:

«Շնորհիվ ձեր բոլոր աղոթքների՝ դստերս վիճակը կարգավորվում է, ինչը հակառակն է այն ամենի, ինչ, բժշկի խոսքերով, պետք է կատարվեր: Ձեր աղոթքները գործում են: Խնդրում եմ, շարունակեք աղոթել երեխաների լիակատար վերականգնման համար,- գրում է Ջենին- հիմա Ջեքսոնը նորից արտասանում է ամբողջական նախադասություններ, իմ տղան վերադարձել է ինձ մոտ: Շնորհակալ եմ բոլորին. դուք այս հրաշքի մի մասն եք կազմում»:

Ջոել Թեյլորը «Bethel Music» երկրպագության ծառայության գերագույն տնօրենն է, որը վերջին տարիներին մեծ ժողովրդականություն է վայելում: Նա և իր թիմը ստեղծում են երգեր, որոնք երգում են տարբեր եկեղեցիներում: