Սովորեցնել մեխ մեխելով

«Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերաններից, բայց միայն այն՝ որ բարի է, շինություն բերող և շնորք տվող»: (Եփեսացիս 4.29)

Մի ժամանակ ապրում էր պոռթկուն բնավորություն ունեցող մի երիտասարդ: Նրա հայրը շատ էր անհանգստանում որդու ապագայով և անդադար մտածում էր, թե ինչպես որդուն հասկացնի, որ հարաբերությունները շատ կարևոր են և պոռթկուն բնավորությունը կարող է վնասել նրանց:
Երկար մտածելուց հետո հայրը իր մոտ կանչեց որդուն, տվեց մի պարկ մեխ և խնդրեց ամեն անգամ զսպվածությունը կորցնելու դեպքում մեկ մեխ մեխել ցանկապատին:
Որդին չհասկացավ հոր խնդրանքի իմաստը, բայց քանի որ հորը իմաստուն էր համարում, համաձայնվեց:
Առաջին օրը իսկ նա ցանկապատի վրա 37 մեխ մեխեց: Ամեն օր նա քիչ-քիչ սովորում էր իր պոռթկուն բնավորությունը սանձել և զսպվածություն սովորել:
Եվ ահա եկավ այն օրը, երբ նա կարողացավ զսպել իրեն: Այս անգամ հայրը որդուն խնդրեց ամեն անգամ զսպվածություն դրսևորելիս, ցանկապատի վրայից մեկ մեխ հանել:
Թեև մեխերը շատ էին, բայց եկավ այն երջանիկ օրը, երբ բոլոր մեխերը դուրս հանվեցին ցանկապատի տախտակներից: Այս անգամ էլ որդին շտապեց ուրախացնել հորը:
Հայրը շատ ուրախացավ, սակայն նա ցանկանում էր որդուն հասկացնել, որ զսպվածություն դրսևորելը ավելին է, քան ցանկապատի վրա մեխելը:
Նա բռնեց որդու ձեռքը, տարավ ցանկապատի մոտ և ցույց տվեց բոլոր անցքերը, որ մնացել էին մեխերը հանելուց հետո:
— Որդիս, այս ցանկապատն այլևս առաջվա նման չի լինի: Այն կրում է քո պոռթկուն բնավորության հետքերը:
Անզգույշ ասված բառերը իսկապես վերք են թողնում, որը հեշտ չի բուժվում: Ամեն անգամ բարկացած խոսելիս հիշի՜ր ցանկապատի մասին: