Քրիստոնյան, սեփական կյանքը վտանգելով, 100 հազար Աստվածաշունչ է հասցրել եկեղեցիներին

Քրիստոնյան, սեփական կյանքը վտանգելով, տարածել է ավելի քան 100 000 մանկական Աստվածաշունչ մի երկրում, որտեղ քրիստոնյաներն ամենից հաճախ են հալածվում՝ Վիետնամում: Եվ այս ամենը նա արել է՝ որպես շնորհակալություն Աստծուն, Ով տարիներ առաջ փրկել է իրեն ինքնասպանությունից:

32-ամյա Բաոն, ով աշխատում է «Բաց դռներ ԱՄՆ» կազմակերպությունում, Աստվածաշնչի տարածման ծրագրին մասնակցելով՝ ասում է, որ 14 տարի առաջ ինքը հավատացյալ է դարձել, երբ դեռևս սովորում էր ավագ դպրոցում. տեղեկացնում է CNLNews-ը:

«Ես մտածում էի, թե կյանքն իմաստ չունի,- ասում է նա:- Ես գզում էի ինձ դատարկ, ցանկանում էի կյանքս ինքնասպանությամբ ավարտել: Իմ տան մոտով մի գետ էր անցնում, և ես հաճախ անցնում էի այդ գետի կողքով ու մտածում. «Իսկ ի՞նչ կլինի, եթե ես պարզապես այս գետի մեջ ցատկեմ և խեղդվեմ»»:

Այդ ժամանակ քրիստոնյա ընկերները նրան եկեղեցի են հրավիրում: Սկզբում նա ողջ սրտով փորձում է հասկանալ, թե ինչու են նրանք այդչափ երջանիկ: Եվ մեկ օր երկրպագության ժամանակ Բաոն զգում է, որ Աստծո Հոգին եկել ու հպվել է իրեն:

«Իմ կյանքը լիովին փոխվեց, և ինձ մոտ ցանկություն առաջացավ Նրան ծառայելու»,- ասում է նա:

Այս կազմակերպությունում ասում են, որ Բաոն, ով երկու երեխաների հայր է, տարածել է ավելի քան 100 հազար մանկական Աստվածաշունչ Վիետնամում՝ սեփական կյանքը վտանգելով:

«Ռիսկը պարգևատրվում է, երբ մարդիկ իրենց կյանքը Քրիստոսին են նվիրում»,- ասում է նա, և պատմում, թե ինչպես է վեց տարի առաջ կանգ առել տեղացիներից մեկի տանը երկրով ճամփորդելու ժամանակ և կիսվել Ավետարանով նրանց հետ:

«Այդ շրջանը լռակյաց, կոմունիստական մի շրջան էր,- նշում է Բաոն:- Նրանք չգիտեին, որ Աստված սեր է: Ահա թե ինչու, երբ Ավետարանը եկավ նրանց մոտ, նրանց սրտերը ծարաված ընդունեցին այն»:

Բաոյի խոսքերով՝ այդ ժամանակ 20 հոգի ընդունում է Քրիստոսին:

«Ես ու ևս մի մարդ հոգ էինք տանում նորադարձ քրիստոնյաների համար: Երբ նրանք մի փոքր աճեցին հավատքի մեջ, մենք հավատացյալներով մեկնեցինք այնտեղ»,- պատմում է Բաոն:

Սակայն տեղացի պաշտոնյաները իմանում են մեծացող շարժման մասին և ծառայության ընթացքում գրոհում այն, ինչի արդյունքում մարդիկ փախչում են: Բաոյին բանտ են նստեցնում մեկ օրով, Աստվածաշնչերն ու քրիստոնեական այլ նյութեր առգրավվում են:

Իշխանությունները սպառնում են դադարեցնել այդ շրջան մատակարարվող պարենամթերքը, եթե հավատացյալները շարունակեն շփվել ժողովրդի հետ:

«Քանի որ լարվածությունը շատ ուժեղ էր, ժողովրդի բարօրության համար ես լքեցի այդ շրջանը»,- ասում է Բաոն:

Այնուամենայնիվ, 2016թ-ին նա միանում է «Բաց դռներ ԱՄՆ» կազմակերպության «Մանկական աստվածաշնչյան նախագծին»:

«Երբ ես տարածում եմ մանկական Աստվածաշնչեր մեծ եկեղեցիներում, նրանք այդ նվերը ընդունում են ոչ միայն որպես նվեր, այլև որպես նյութ՝ Աստծո Խոսքի ուսուցման համար: Նրանք նաև այդ գիրքն օգտագործում են ավետարանչության համար: Եվ ես համարում եմ, որ այդ Գրքի ազդեցությունը ավելի լայն տարածում կունենա:

Աստծո Խոսքը պետք է հասանելի լինի մարդկանց: Մանկական Աստվածաշունչը պարզապես միջոցներից մեկն է, որ հնարավորություն է տալիս մարդկանց իմանալու Աստծո մասին: Ես համարում եմ, որ դա սերմնացանի աշխատանք է: Մենք շարունակում ենք ցանել, և Աստված էլ շարունակում է աճեցնել»:

Շատ դեպքերում Վիետնամի քրիստոնյաները ենթարկվում են խիստ հետապնդումների: Այս երկիրը «Բաց դռներ» կազմակերպության քրիստոնյաների հետապնդման առումով Համաշխարհային դիտարկումների ցուցակում զբաղեցնում է 17-րդ տեղը:

 

Աղբյուր՝ CrossNews.am