Փողերը կարո՞ղ են երկնքից ընկնել
Մի անգամ եկեղեցում ես պատահաբար լսեցի երկու քույրիկների խոսակցություն, ովքեր նստած էին իմ հետևում: Ինձ անծանոթ այդ կանանցից մեկը մյուսին ասում էր, որ կարիք ունի 3000 սումի (ուզբեկական տարադրամ), բայց հնարավոր չէ պարտքով մեկից վերցնել, քանզի վերադարձնել չի կարող. իր աշխատավարձը ընդամենը 1500 սում է:
Այդ պահին ինձ մոտ հենց այդքան գումար կար, որքան անհրաժեշտ էր այդ քույրիկին: Ես պատրաստվում էի ամուսնուս նվեր գնել ծննդյան օրվա առթիվ: Եվ հանկարծ սրտումս զգում եմ Տիրոջ կանչը. «Դու ախր ունես այդ գումարը. տուր նրան»: Իրականում ես այնքան էլ առատաձեռն մարդ չեմ, բայց այդ պահին ուղղակի հնազանդվեցի Աստծո կոչին: Այնքան արագ կատարվեց այդ ամենը, որ անգամ չհասցրեցի մտածել, որ այդ գումարը իրոք ինձ էլ անհրաժեշտ էր:
Տվեցի գումարը այդ քույրիկին ու ասացի, որ վերադարձնել պետք չէ, քանի որ դա Տերն է իրեն տալիս:
Հաջորդ օրը մետրոյում ինձ կանգնեցնում են երկու երիտասարդներ, ինչ-որ բան են հարցնում անգլերենով: Իսկ ես անգլերեն ընդամենը երեք բառ գիտեմ. այո, ոչ և Հիսուս: Նրանց հարցերին ի պատասխան՝ ես ուսերս էի թափ տալիս: Բայց հանկարծ նրանց խոսքի մեջ լսեցի «Նավոյի» բառը. դա թատրոնի անուն էր, և ես գնում էի հենց այդ թատրոնի ուղղությամբ: Ձեռքերով հասկացրեցի, որ հետևեն ինձ: Սկսեցինք միասին քայլել:
Երիտասարդներից մեկը ինձ կոնֆետ հյուրասիրեց ու ասաց. «Սանտա Կլաուս», իսկ ես, ի պատասխան, մատս վերև ուղղեցի ու ասացի իմ իմացած անգլերեն ամենաերկար բառը՝ Հիսուս: Այդ պահին ինչ-որ բան կատարվեց այդ երիտասարդների հետ. անսպասելիորեն նրանց դեմքերը պայծառացան, ին-որ բաներ էին խոսում իրար հետ ու անչափ ուրախ էին, մեկը նույնիսկ պարային շարժումներ էր անում ուրախությունից: Իսկ ես ոչինչ չէի հասկանում, միայն ժպտում էի:
Հասնելով այդ թատրոնի մոտ՝ արագ քայլերով մեզ մոտեցավ մի երիտասարդ ևս. նրանց թարգմանիչն էր: Այժմ հնարավորություն ունեինք շփվելու և իրար հասկանալու:
Պարզվեց, որ այդ արտասահմանցիները նույնպես Քրիստոսի աշակերտներն էին, մեր հավատացյալ եղբայրներից: Եվ երբ հրաժեշտ էինք տալիս, թարգմանիչն ասաց, որ նրանցից մեկի սրտին Տերը դրել է, որ օրհնի ինձ: Մի ծրար ինձ տվեց՝ ասելով. «Ձեր և ձեր ընտանիքի համար սուրբծննդյան նվերներ կգնեք»: Ես շնորհակալություն հայտնեցի, փառք տվեցի Աստծուն նրանց բարության համար և գնացի տուն:
Իսկ տանը, երբ բացեցի ծրարը, ապշած մնացի. այնտեղ 300 դոլար էր: Ընդամենը նախորդ օրը ես հնազանդվելով Տիրոջը՝ 3000 սում տվեցի այն քույրիկին, իսկ այսօր Տերը ինձ 300 դոլար նվիրեց, ինչն անհամեմատելիորեն ավելի շատ գումար է կազմում:
Հիմա երբ անհավատները քմծիծաղով երբեմն ինձ հարցնում են. «Ինչ է, փողը երկնքի՞ց պիտի ընկնի», ես պատասխանում եմ. «Այո՛, ինձ վրա արդեն ընկել է»:
Տատյանա Ռ.