Կենդանի մարմինը ենթակա է վնասվածքների. քրիստոնյայի մասին

Վնասվեք՝ և վնասված տեղը կլավանա. եթե մարմինը մահացած է, դա երբեք չի կատարվի: Կենդանի մարմինը ենթակա է վնասվածքների, բայց մինչև հայտնի աստիճանը այն ունակ է ինքն իրեն վերականգնվելու:

Այդպես էլ քրիստոնյան բոլորովին էլ այն մարդը չէ, ով երբեք սխալ չի վարվում. նա այն մարդն է, ով ունակ է զղջալու, հավաքելու ինքն իրեն և ամեն արգելքից հետո ամեն բան նորից սկսելու, որովհետև նրա ներսում գործում է Քրիստոսի կյանքը. հենց դա էլ վերականգնում է («վերանորոգում») նրան շարունակաբար՝ տալով ունակություն նորից ու նորից (մինչև որոշակի սահմանը) անցնելու կամավոր մահվան նման մի ընթացքով, որով հենց Ինքը՝ Քրիստոսը անցավ:

Ահա թե ինչու են քրիստոնյաները տարբերվում այլ մարդկանցից, ովքեր ջանում են լավը լինել: Վերջիններս մարդիկ են, ովքեր իրենց ջանքերով հույս ունեն հաճեցնել Աստծուն, եթե Նա գոյություն ունի, իսկ եթե, նրանց կարծիքով, Նա չկա, ապա, նվազագույնը, նրանք հույս ունեն վաստակելու լավ մարդկանց հավանությունը:

Իսկ քրիստոնյան համարում է, որ ամեն լավ բան, որ ինքն անում է, արդյունքն է Քրիստոսի հետ կյանքի, որ բնակվում է իր մեջ: Նա չի կարծում, որ Աստված սիրելու է իրեն, որովհետև ինքը լավն է, այլ որ Աստված իրեն կդարձնի լավը, որովհետև սիրում է: Նույն կերպ էլ՝  ջերմոցի տանիքը արևի ճառագայթները չի քաշում դեպի իրեն այն պատճառով, որ ինքը փայլուն է, այլ ընդհակառակը, այն փայլում է այն բանից, որ արևի ճառագայթներն են ընկնում իր վրա:

Քլայվ Լյուիսի «Պարզապես քրիստոնեություն» գրքից