Կարելի՞ է՝ ես չմեռնեմ մինչև կիրակի

— Լենա՛ տատիկ, իսկ կարելի՞ է` ես չմեռնեմ մինչև կիրակի,- ասում է կանաչագույն մաշկով փոքրիկ տղան՝ պառկած մահճակալին, ամբողջովին զրկված գլխի մազերից:

Տարեց բուժքույրը ցնցվում է: Նման երևույթները չեն կարող սովորական դառնալ: Չի կարող մարդը հարմարվել ու սովորականի պես ընդունել նման իրավիճակը: Հենց դրա համար էլ մարդը մարդ է կոչվում:

— Վա՜յ, ի՞նչ ես ասում, իմ փոքրի՜կ, համովի՜կ, իհարկե՛, չե՛ս մահանա,- ասում է մանկական բազում մահեր տեսած 60-ին մոտ բուժքույրը՝ արցունքն աչքերին:
— Հասկանո՞ւմ եք, Լենա՛ տատիկ, այս կիրակի իմ մայրիկի ծննդյան օրն է: Ահա ես նրա համար նվեր եմ պատրաստել… ինքս եմ պատրաստել՝ իմ ձեռքերով… ախր եթե մեռնեմ, չեմ կարող նրան նվիրել: Կարելի՞ է՝ ես չմեռնեմ մինչև կիրակի, կարելի՞ է…

Ուռուցքաբանության բաժանմունքն է: Հիվանդասենյակն է այն երեխաների, ովքեր անցել են արդեն սահմանը կյանքի և մահվան: Այստեղ յուրաքանչյուրին մնացել է ապրելու հաշված օրեր, կամ գուցե՝ շաբաթներ, ամենաշատը՝ ամիս: Դատապարտված երեխաներ. սա երևի թե այս աշխարհի ամենասարսափելի անեծքն է:

Նրան ոչինչ պետք չէ, նա միայն ուզում է ապրել մինչև իր մայրիկի ծննդյան օրը, որպեսզի ստվարաթղթից ու գունավոր թղթերից իր ձեռքերով պատրաստած նվերը տա նրան: Սա ամենաթանկ նվերն է թե՛ իր, թե՛ մոր համար: Աստվա՛ծ իմ, օգնի՛ր մորը չխելագարվել, օգնիր անցնել այս ամենի միջով…
Իսկ մենք կենտրոնացած ենք թանկարժեք հեռախոսների, մեքենաների և ոսկեզօծ բնակարանների վրա: Անգամ տիեզերք են թռչում ոչ թե գիտնականները, այլ՝ տուրիստները: Գիտությունը հերթի մեջ է, որպեսզի ուրախությամբ բավարարի քայլող ստամոքսների պահանջները: Ամենուր գեղեցկության ինստիտուտներ են, կնճիռներից ազատվելու քսուկների լաբորատորիաներ, իսկ մի շարք անբուժելի հիվանդություններ չենք կարողանում հաղթահարել: Եվ հարցն այն չէ՛, որ չենք կարող, այլ՝ չենք ուզում, քանի դեռ այդ ցավը մեզ չի հասել:

Ուշքի՛ եկեք, մարդի՛կ, ինչի՞ համար եք դուք ապրում: Չէ՞ որ կյանքն այս երկրի վրա հավիտյան չէ: Գիտության, տեխնիկայի և նյութի հետևից ընկնելու փոխարեն՝ գնահատեք ձեր ապրած ամեն մի վայրկյանը, շնորհակալ եղեք Աստծուն այն ամենի համար, ինչ ունեք: Եթե անգամ ձեզ թվում է, թե ոչինչ չունեք, դա այդպես չէ՛… հաստատ կան շատ մարդիկ, որ կտային ամեն ինչ՝ ունենալու այն, ինչ այս պահին դո՛ւք ունեք՝ հնարավորություն դեռ ապրելու, հնարավորություն առավոտյան արթնանալու, հնարավորություն նոր լուսաբացով ուրախանալու:
… Իսկ փոքրիկ տղան կարողացավ ապրել մինչև կիրակի, նա մահացավ մեկ շաբաթից: