Կա՛ պատասխան. մի կյանքի պատմություն
Ողջու՛յն սիրելիներ, ուզում եմ պատմել ձեզ իմ կյանքի պատմութունը, թե ինչ է պատահել ինձ հետ և ինչերով եմ անցել: Ուզում եմ այդ կերպ հորդորել ձեզ Տեր Հիսուսի անունով, որ միշտ Նրան հուսաք:
Ես ծնվել եմ 1994 թվականին, ժամանակից շուտ՝ 7 ամսականում, քաշս՝ 1 կիլոգրամ 800 գրամ և ունեի առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառով բժիշկները ինձ ապրելու հույս չէին տալիս, անգամ ծնողներիս թույլ չէին տալիս հիվանդանոցից տեղափոխեն տուն, և կատարվում է իմ կյանքի առաջին հրաշքը՝ ծնողներս, չհամաձայնելով բժիշկների որոշման հետ, իրենց հույսը դնելով Աստծո վրա, մեծ համառություն են ցուցաբերում և անգամ հիվանդանոցում գրություն են թողնում, որ իմ կյանքի պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա ու տեղափոխում են տուն:
Եվ այնպես է ստացվել, որ ես լույս աշխարհ եմ եկել Աստվածավախ և Աստվածապաշտ ընտանիքում:
Հայրս եկեղեցու առաջնորդ է, մայրս իր օգնականն է եկեղեցում. նրանք, տանելով ինձ տուն, իրենց աղոթքները բարձրացրեցին առ Աստված՝ հանձնելով իմ կյանքը մեր Փրկչին:
Բոլորիս պարզ է, թե ինչ դժվարություններ են ունեցել իմ ծնողներն ինձ տուն տեղափոխելուց հետո, բայց նրանք իրենց հավատքը չեն թուլացրել և շարունակել են իրենց աղոթքներն ու շատ կարճ ժամանակահատվածում իմ կյանքում սկսում է փոփոխություններ տեղի ունենալ: Արդեն 4 ամսականից սկսում եմ լիարժեք ապաքինվել: Իմ ծնողները հասկանում են, որ իմ կյանքը պատկանում է միայն մեկին, որի անունն է Հիսուս Քրիստոս: Կարծես ամեն բան իր հունով գնում էր, բայց կատարվեց հաջորդ իրադարձությունը:
Ես 4 տարեկան երեխա էի՝ կատարյալ առողջ, մի օր իմ 2 տարեկան քրոջ հետ խաղում էի և չնկատելով եռման ջուրը՝ ետ-ետ գնացի և ընկա այդ ջրի մեջ, որտեղ միացրած էր ջրատաքացուցիչը. այս անգամ ևս Հիսուսը պահում է իմ կյանքը և 3-րդ կարգի այրվածքով տեղափոխվում եմ հիվանդանոց: Բժիշկները, տեսնելով իմ վիճակը, նկատում են, որ իմ ոտքերի ջլերը այրված են, և դա ինձ կխանգարի քայլել: Բայց նորից բացահայտ հրաշք է տեղի ունենում իմ կյանքում և ես 2 շաբաթվա ընթացքում սկսում եմ քայլել. այդ այրվածքից անգամ սպի չի մնացել:
Եվ իմ ծնողները կրկին հասկանում են, որ իմ կյանքը պատկանում է միայն մեկին, որի անունն է՝ Հիսուս Քրիստոս:
Ես մեծանում եմ և մինչև իմ պատանեկությունը ստանում եմ հոգևոր կրթություն, բայց 15 տարեկանից իմ կյանքը սկսում է կտրուկ փոփոխվել. ես հայտնվում եմ վատ շրջապատում և սկսում եմ իմ արարքներով ընդդիմանալ այն Աստծուն, ով ինձ կյանք է շնորհել և բազում հրաշքներ է կատարել ինձ համար:
Սկսում եմ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել իմ ծնողների հանդեպ, այն աստիճան, որ ես ամաչում եմ իմ ընկերների մոտ իրենց ծնող համարել: Իմ հայրը եկեղեցու առաջնորդ էր, Աստծո ծառա, բայց իմ ընկերների համար նա պատգամավոր էր, և ես իրենից պահանջում էի այդպես ներկայանալ, որից նա շատ էր վշտանում: Այդպիսով, չհարգելով իմ ծնողներին և նրանց ապրելակերպը, ես իմ կյանքը շարունակում էի ապրել իմ պատկերացրած ձևով:
17 և 18 տարեկանում հայտնվում եմ մի քանի ավտովթարների մեջ, բայց կյանքս նորից հրաշքով պահվում է : Բացի այդ ավտովթարները հայտնվում եմ մի քանի լուրջ և շատ վտանգավոր վեճերի մեջ, որ կարող էր իմ կյանքին վնաս հասցնել, բայց Աստված նորից պահում է ինձ: Ես 17 տարեկան պատանի էի, բայց ինձ համար սովորական բան էր դարձել խմելը և ծխելը:
Կյանքիս նպատակը դարձել էր այստեղից այնտեղից փող հայթայթելը, և դրանք անիմաստ վայրերում վատնելը: Նման կյանք ապրելու պատճառով ես կորցրել էի իմ հարազատների աջակցությունը: Նույնիսկ ծնողներս կորցրել էին իրենց նվիրվածությունը դեպի ինձ և իմ կյանքում խառնվել էր ծնող-բարեկամ-թշնամի հասկացությունները. ես բոլորին մի աչքով էի նայում:
Մոռացել էի նաև Աստծո այն գործերը, որ արել էր իմ կյանքում՝ ծնվածս օրվանից: Իմ կյանքում ունեցա շատ դժվար պահեր, բոլորը թողեցին ինձ, բոլորը վախեցան ինձանից, բոլորը հիասթափվեցին և բոլորն իրենց հույսը կտրեցին ինձանից և հենց այդ ժամանակ հայտնվեց Հիսուս Քրիստոսը և ասաց, որ սիրում է ինձ նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես ամենամեղավորն եմ և պատրաստ է ներել իմ բոլոր մեղքերը, միայն ես ցանկություն հայտնեմ հրաժարվել այդ ամենից:
Իմ մարդկային ջանքերով անհնարին էի համարում դրանցից հրաժարվելը, բայց իմ կյանքը հանձնելով Հիսուսին տեղի ունեցավ ակնթարթային փոփոխություն, ներում ստացա իմ բոլոր հանցանքներից, մեկ վայրկյանում թողեցի ծխելը, խմելը և այն բոլոր անօրենությունները, որ գործում էի: Եվ հասկացա, որ իմ կյանքը պատկանում է միայն մեկին, որի անունը Հիսուս Քրիստոս է:
Հիմա իմ կյանքի միակ նպատակը դարձել է Հիսուս Քրիստոսը, ես ամեն վայրկյան ապրում եմ նրան փառավորելու, երկրպագելու և ծառայելու համար:
Եվ հիմա կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր հայտնվել են դժվարությունների, հուսահատությունների, բազում մեղքերի, ամոթի ու անարգանքի, լքվածության ու մերժվածության և հիասթափությունների մեջ, մի՛ հուսահատվեք, քաջացե՛ք և զորացե՛ք և ձեր հույսը Տիրոջ վրա դրեք՝ նվիրելով ձեր կյանքը Փրկիչ Հիսուսին:
Ես հիմա աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են դուրս գալ այս ամենից և իրենց կյանքը նվիրել Հիսուսին:
Եվ բոլորդ հիշեք, որ ձեր կյանքը պատկանում է միայն Մեկին, որի անունն է Հիսուս Քրիստոս: