Իմաստուն առակ՝ «Ամեն ինչի համար գոհացեք»

Մեկ օր Գոհաբանության օրվա նախօրեին հանդիպում են երկու հավատացյալ մարդ: Նրանց միջև մի սովորական խոսակցություն է տեղի ունենում:

«Դե, ինչպե՞ս են գործերը»,- հարցնում է մեկը:

«Դե, ոչ լավ, ոչ վատ,- պատասխանում է մյուսը,- բնակարանը փոքր է, ընտանիքով ապրում ենք ծնողներիս հետ, աշխատավարձս այնքան էլ մեծ չէ, իսկ ամառանոցում էլ գործերն այնքան լավ չեն. խնձորենիները բերք չեն տալիս, ամեն բան այնքան էլ լավ չէ…»:

Գիշերն այս մարդը մի երազ է տեսնում: Երազում նա հանդիպում է մի հրեշտակի, ով գնում է մի մեծ բեռնավորված սայլի առջևից, որը լցված էր տարատեսակ իրերով, այդ թվում՝ իրեն ծանոթ:

«Ի՞նչ է կատարվում այստեղ»,- հարցնում է նա հրեշտակին:

«Ես վերցնում եմ մարդկանցից այն ամենը, ինչի համար նրանք չեն գոհանում Աստծուց»,- պատասխանում է հրեշտակը: Այդ պահին մեր հերոսը պատկերացնում է իրեն առանց բնակարանի, առանց ամառանոցի, առանց ծնողների, առանց երեխաների և անկեղծորեն ապաշխարում է:

Գոհաբանության տոնն այդ տարի պարզապես մի տոնական օր չեղավ նրա համար, այլ ներսում թողեց կարևոր մի պատգամ. գոհացիր ամեն ինչի համար, որ ունես այսօր:

«Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսումը» (Ա Թեսաղոնիկեցիս 5.18):

Մենք այս երկրի վրա պանդուխտներ և ճամփորդներ ենք: Ոչինչ այս երկրի վրա մերը չէ: Ամեն բան տրված է մեզ ժամանակավոր օգտագործման համար: Ո՞ւմ կողմից. Արարչի: Օդը, որը մենք շնչում ենք, ջուրը, որը մենք խմում ենք, կենդանական և բուսական կերակուրները. այս ամենը մերը չէ, այլ Աստծունը:

Աստված՝ որպես բարի Հայր, ամեն բան տվել է մարդկանց իմաստությամբ օգտագործելու համար, ինչպես չարերին, այնպես էլ բարիներին: Եվ մենք ոչինչ չունենք պարծենալու: Ամենը Նրանն է: Մենք՝ մարդիկս, ի վիճակի չենք գնելու մի բան այն ամենից, ինչ Աստված տվել է մեզ: Մենք չունենք մի բան, ինչով կարող կլինենք հատուցել այդ ամենի դիմաց, բացի մեկ բանից միայն՝ առ Աստված ունեցած մեր գոհությունից:

Աղբյուր՝ bible-facts.ru