Երբ ցավն անտանելի է թվում
Անկախ նրանից` ձեր ցավը էմոցիոնալ է, ֆիզիկական, թե փոխհարաբերությունների հետ կապված, երբ դուք տառապում եք և վերապրում խորը ցավ՝ դա սարսափելի է:
Անցյալ շաբաթ ես տառապում էի ինձ տանջող ատամնացավից: Մի ամուսնական զույգ, որին շատ եմ սիրում, բաժանության միջով էր անցնում: Ես խոսում էի մի տղամարդու հետ, ում կինը վերջերս էր մահացել քաղցկեղից:
Էլեկտրոնային փոստով նամակ ստացա քոլեջի մի ուսանողուհուց, ով մի ժամանակ գալիս էր մեր եկեղեցի և լցված էր Աստծո կրակով, բայց հիմա նա հեռացել էր Աստծուց:
Իմ մարմինը ցավում էր: Իմ սիրտը ցավում էր: Եվ երբեմն այդ ցավը անտանելի էր թվում:
Գուցե ձեր շաբաթը իմից ավելի վատն է եղել: Գուցե դուք անցնում եք մի ընթացքով, որն ավելի լուրջ է, քան ատամնացավը: Գուցե դուք խնդիր ունեք անձնական հարաբերություններում, և դա կտոր-կտոր է անում ձեր ներսը: Գուցե դուք մի երեխայի հայր կամ մայր եք, ով հեռացել է հավատքից:
Ձեր մարմինը ցավում է: Ձեր սիրտը ցավում է: Եվ երբեմն այդ ցավը թվում է անտանելի:
Բայց ես կարող եմ առաջարկել ձեզ մտածել մի բանի մասին:
Ինչի միջով էլ դուք անցնում եք հենց հիմա՝ որպես ծնող, որպես ամուսին կամ կին, որպես հովիվ կամ առանձին անհատ, դա ձեր պատմության վերջը չէ:
Լուրջ եմ ասում, դա վերջը չէ: Վերջը չէ, եթե դուք հետևում եք Հիսուսին:
Ինչ ֆիզիկական խնդիր էլ ունենաք՝ ձեր «երկրավոր շինվածքը» (այսինքն ձեր մարմինը) մեկ օր նորոգություն կվերապրի (Բ Կորնթացիս 5.1-10):
Ինչ էմոցիոնալ ճնշման տակ էլ հիմա լինեք, մեկ օր ամեն կոտրված սիրտ բժշկված է լինելու (Հայտնություն 21.1-4):
Ինչ պայքարի մեջ էլ լինեք ամուսնու կամ կնոջ հետ ձեր փոխհարաբերություններում, ծնողների կամ առաջնորդի հետ, մեկ օր խաղաղությունը հավիտյան կիշխի ձեր մտքում (Ա Թեսաղոնիկեցիս 5.23-24):
Ցավոք սրտի, մենք՝ որպես մարդիկ, հակված ենք լինելու խիստ սահմանափակ մեր ապագայի ընկալման հարցում: Մենք (և, այո, ես նույնպես բացառություն չեմ) այնքան շփոթված ենք լինում ցավից, որի մեջ գտնվում ենք, որ մոռանում ենք, որ ամեն ցավ ժամանակավոր է (Բ Կորնթացիս 4.17-18):
Մենք տեսադաշտից բաց ենք թողնում մեկ փաստ ևս. ցավը կարող է ուսուցիչ լինել: Եթե մենք որոշում ենք կայացնում աճել այդ ընթացքի մեջ, ոչ թե պարզապես անցնել դրա միջով, ցավը կարող է ձևավորել մեզնից այնպիսի մարդկանց, ովքեր մեկ քայլ առաջ կլինեն կյանքում:
Անկասկած, եթե ինձ տրվեր ընտրության հնարավորություն, ես կընտրեի կյանք՝ առանց ցավի, բայց ճիշտ է այն, որ հենց պայքարների ու տառապանքների միջոցով է իմ բնավորությունը լավագույնս կերպարանակից դառնում Քրիստոսին:
Որքա՜ն կցանկանայի, որ սա սուտ լիներ, բայց այդպես չէ:
Երբ ցավն անտանելի է դառնում, և դուք ցանկանում եք հանձնվել, հիշեք՝ ոչ մի ցավ հավիտենական չէ և ամեն ցավ ունի նպատակ:
Այս պատճառով՝ ամուր կանգնեք այնտեղ, որտեղ կանգնած եք:
Ինչի միջով էլ անցնում եք հենց հիմա, դա Քրիստոսի մեջ ձեր պատմության ավարտը չէ:
Պայքարները, դժվարությունները և տառապանքները, որոնք շփոթեցնում են մեզ հիմա, ոչինչ են՝ համեմատած այն գեղեցկության ու հրաշքի հետ, որոնք գալիս են՝ շնորհիվ Հիսուսի (Հռոմեացիս 8.18):
Կուրտ Բուբնա