Աստվածաշնչյան 5 սկզբունք, որ կփոխի քո կյանքը

1. Դու հնձում ես այն, ինչ ցանել ես:
Այն ամենը, ինչ դու անում ես, ազդեցություն է ունենում քո կյանքի վրա: Այն սերմերը, որ դու ցանում ես, կյանքի ընթացքում աճում են կամ թոշնում: Եթե դու հաճախ հետ ես կանգնում քո խոստումներից, ասում ես խոսքեր, որ ցանում են վատ սերմեր, ուրեմն իմացիր, որ դրանք կարող են ոչնչացնել քո կյանքի լավ սերմերը: Դա է պատճառը, որ Աստվածաշունչը հորդորում է մեզ ցանել լավ սերմեր՝ արդարության տեսքով, բարի խոսքերի և գործերի տեսքով: Եթե սա անես, քո կյանքն օրհնություն կլինի ուրիշների համար, և ինքդ օրհնված կլինես:
2. Տուր, և կտրվի քեզ:
Առակաց 11:24-ում գրված է, որ, երբ մենք տալիս ենք ուրիշներին, ավելին ենք ստանում: Բայց, մյուս կողմից, եթե խնայում ենք՝ կարոտության ենք հասնում:
Սկզբունքը հետևյալն է. երբ մենք տալիս ենք նրանց, ովքեր կարիք ունեն, Աստված կրկնակի ու ավելի օրհնում է մեզ: Այս օրհնությունները կարող են գալ ֆինանսի, առողջության, զորության, անվտանգության, խաղաղության և բարգավաճման ձևով:
Այնուամենայնիվ, երբ մենք տալիս ենք ինչ-որ բան, չպետք է սպասենք պատասխանին, այլ ինչ-որ անում ենք՝ Աստծո սիրով անենք:
3. Իմաստությունը ոսկուց թանկ է:
Դու ուզո՞ւմ ես լինել իմաստուն: Առակաց գրքում մենք գտնում ենք շատ լավ սկզբունքներ, որ կարող են օգնել մեզ: Առակաց 8:11-ում գրված է իմաստության կարևորության մասին: Այն իմաստությունը, որի մասին այստեղ գրված է, մարդը չի կարող ստանալ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Աստվածային իմաստությունը գալիս է, երբ մարդը մոտենում է Քրիստոսի ոտքերին:
«Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկյուղն է, և Ամենասուրբին ճանաչելը հանճար» (Առակաց 9:10):
4. Սիրիր քո թշնամիներին:
Մարդկայնորեն մենք հակված ենք սիրելու նրանց, ովքեր սիրում են մեզ: Բայց Քրիստոսի սիրո օրինակն ավելին է: Մաթևոս 5:44-ում գրված է. օրհնեցեք ձեզ անիծողներին և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար: Պատկերացրեք՝ որքան կփոխվի աշխարհը, եթե մարդիկ հետևեն այս իմաստուն  խորհրդին: Այս խոսքերն ասելով՝ Քրիստոսը ցանկանում էր վերափոխել իրեն լսողների սրտերը: Հիմա էլ Նա շարունակում է դա անել: Քրիստոսի սիրով սիրել հնարավոր է միայն Նրա զորության միջոցով:
5. Խոնարհվիր և կբարձրանաս:
Աստծո Խոսքը պարզորեն ցույց է տալիս, որ մեծությունը խոնարհության մեջ է (Հակոբոս 4:10): Երբ Աստված ուզում է մեզ մեծ հանձնարարություն տալ, առաջին հերթին պահանջում է, որ խոնարհեցնենք մեր անձերը: Մենք Աստծո անոթներն ենք՝ կատարելու Նրա մեծ խոստումը, որը կյանքեր փրկելն է: Հիշի՛ր Եսթեր թագուհուն, ով խնդրեց թագավորին, որ փրկի իր ժողովրդին, կամ հիշիր Հովսեփին, ով խնդրեց Աստծուն, որ փրկի սովից Եգիպտոսը և մնացած ժողովուրդներին:
Կարևոր է որևէ բան փնտրելուց առաջ խնդրենք Աստծուց, որ Նա նախապատրաստի մեր սրտերը, և բոլոր դժվարությունների մեջ Նրա Սուրբ Հոգին զորացնի ու օգնի մեզ: