Աստծո ձեռքը իմ կյանքում. վկայություն

Իմ անունը Իննա է: Ես ամուսնացել եմ 18 տարեկանում, և թվում էր, թե ամեն բան լավ է դասավորվել իմ կյանքում: Ամուսնուս մայրը հավատացյալ էր: Նա մի քանի անգամ ինձ հրավիրել էր եկեղեցի, սակայն ես հրաժարվել էի, ավելին՝ ծիծաղում էի նրա հավատքի վրա:

Ամուսնությունիցս մեկ տարի անց մեր ընտանիքում սկսվեցին տարբեր խնդիրներ ծագել: Ես չունեի պատասխաններ այն բազում հարցերին, որ տանջում էին ինձ և այդ ժամանակ որոշեցի իմ սկեսրոջ հետ եկեղեցի գնալ: Մեկ ամիս անց ապաշխարեցի ու իմ կյանքը հանձնեցի Քրիստոսին:

Աստված սկսեց փոխել ինձ ու իմ սովորույթները, ես թողեցի ծխելը և սկսեցի այլ կերպ նայել կյանքին: Իմ առաջնահերթությունները փոխվեցին, առաջին տեղում Աստված էր:

Անցան տարիներ, ես արդեն առաջին տարին չէ, որ ամուսնացած էի, բայց երեխաներ չունեինք, և դա ինձ շատ էր տանջում: Բժիշկները մեկը մյուսի հետևից անպտղություն էին ախտորոշում: Սակայն Աստված լուծեց այդ խնդիրը: Մեկ տարի առաջ ծնվեց մեր որդին:

Դա մեծ հրաշք էր մեր ընտանիքում, որին, սակայն, հաջորդեց մի աննկարագրելի հարված ինձ համար. ամուսինս լքեց ինձ և մեր մեկամսյա որդուն: Ես անհուսալի վիճակում էի, անասելի ծանր վերապրումներ ունեի, և եթե իմ կյանքում չլիներ Աստված, չլիներ իմ սկեսրոջ և եկեղեցու աջակցությունը, ես կյանքս կավարտեի ինքնասպանությամբ:

Նրանք բոլորը աղոթում էին ինձ համար և մեր ընտանիքի վերականգնման համար: Աստված նրբորեն խոսում էր իմ սրտի հետ՝ հույս ներշնչում ու ընկած տեղից կամաց-կամաց բարձրացնում: Արդյունքում՝ կես տարի անց, Նա վերականգնեց իմ ընտանիքը. ամուսինս զղջաց, տուն վերադարձավ: Սուրբ Ծննդյան օրը նա ապաշխարեց, սկսեց հաճախել եկեղեցի: Աստված յուրահատուկ ձևով գործում է նրա կյանքում: Մենք ընտանիքով ենք արդեն ծառայում Նրան. ամուսինս ծառայում է եկեղեցու վերականգնողական կենտրոնում:

Աստծո համար անհնարին ոչինչ չկա: Ողջ փառքը Նրան:

Իննա Կ.