Աննշան թվացող, բայց ո՛չ աննշան կանոններ

Այնպես է պատահել, որ շատ ընտանիքներում կյանքի փորձը և օգտակար հմտությունները ոչ թե փոխանցվում են սերնդեսերունդ, այլ ամեն մեկը գերադասում է սովորել իր սխալների վրա:
Երբեմն թվում է, թե մեր որդիներին դեռ շատ վաղ է կյանքի դասեր սովորեցնելը, սակայն մի օր հանկարծ պարզվում է, որ նրանք արդեն ամեն ինչ գիտեն փողոցից և կարիք էլ չունեն ծնողներից ինչ-որ բան սովորելու:
Սակայն կան հասարակ կանոններ, որոնք հենց մեր վարքով կարող ենք փոխանցել մեր զավակներին: Դրանք փոխանցելու համար պետք չեն մեծ ջանքեր, լուրջ հայացքներ, հատուկ ընտրված ձայնի երանգ: Դրանք շատ հասարակ են, որոշներն անգամ՝ շատ ծանոթ մեր ականջներին, սակայն մի փոքր ուշադրությունը դրանց վրա կարող է շատ բան փոխել կիրառողի կյանքում.

1. Հարգեք բոլոր մարդկանց հավասարապես՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից:
2. Վատ բաները երբեմն պատահում են. ձեր խնդիրը դրանք հաղթահարելն է:
3. Երբեք մի՛ բողոքեք: Դա չի պարզեցնի ձեր խնդիրը և չի արագացնի դրա լուծումը:
4. Առաջինը, ով զայրանում է, նա էլ պարտվում է:
5. Հիշեք. երբեմն լռությունը լավագույն պատասխանն է:
6. Թույլ մի՛ տվեք, որ մանրուքները փչացնեն հարաբերությունները:
7. Երբեք ձեզ առավել բարձր մի համարեք նրանցից, ում օգնում եք:
8. Անհնար է զայրույթը զայրույթով հաղթել:
9. Նախքան ինչ-որ մեկին մատնացույց անելը նայեք ինքներդ ձեզ:
10. Մի՛ ծիծաղեք ուրիշների երազանքների վրա:
11. Սովորեք ընդունել և խոստովանել ձեր սխալները:
12. Միշտ կանգնեք, երբ որևէ մեկին ձեռքով ողջունում եք:
13. Պարտքով տվեք միայն այնպիսի գումար, որի հետ դուք ներքուստ պատրաստ կլինեք բաժանվելու ընդմիշտ:
14. Ավելի շատ լսեք, քան խոսեք:
15. Տղամարդը պետք է կարողանա պաշտպանել ոչ միայն ինքն իրեն, այլ նաև ուրիշներին:
16. Միշտ նայեք այն մարդկանց աչքերի մեջ, ում հետ խոսում եք:
17. Ոչ թե «լավ» տղաներն են ընկնում ընկերների ազդեցության տակ, այլ անկայունները:
Հավատացե՛ք, նման փոքրիկ ու աննշան թվացող կանոններից են սկսվում մեծ գործերը: