Ամենաթանկարժեք նվերը բժշկի համար

Իմ համադասարանցին վիրաբույժ էր հիվանդանոցում, մասնագիտանում էր մի քանի մասնավոր հիվանդանոցներում և հերթափոխով աշխատում էր ոչ մեծ պետական շրջանային հիվանդանոցում:

Մեկ անգամ ընդհանուր ընկերներով նստած զրուցում էինք մեր աշխատանքների մասին և, թե ինչ նվերներ ենք ստացել աշխատավայրում:

Հերթը հասավ իմ համադասարանցուն, և նա պատմեց իր պատմությունը.

«Այն ժամանակ ես 28 տարեկան էի: Հետազոտության էին բերել 6 տարեկան մի աղջկա, նա ընկել էր ձեռքի վրա և ուժեղ վնասել այն: Նայեցի լուսանկարը՝ ճաքեր չկային, կոտրվածքներ չկային, ամեն բան կարգին էր: Բայց աղջիկն ի ծնե ուներ ձեռքի դաստակի արատ. այն գործնականում չէր շարժվում ու մի փոքր թեքված վիճակում էր, միայն մատներն էր կարողանում մի փոքր շարժել: Ծնողներն ասացին, որ իրենց առաջարկել են վիրահատություն անել, բայց ոչ մի երաշխիք չեն տվել, թե արդյունքը կատարյալ կլինի, իսկ գումար էլ նրանք չունեին:

Հետաքրքիր դեպք էր, ես արդեն իմ աչքի առջև ունեի ծրագիր՝ ինչն ինչպես անել: Խնդրեցի ծնողներին հետազոտություն անել, իսկ հետո գալ ինձ մոտ՝ մասնավոր հիվանդանոց:

Եվ ահա, մի քանի ստուգումներից ու այլ բժիշկների հետ խորհրդատվություններից հետո ես համոզված էի, որ կկարողանամ օգնել աղջկան: Տեղեկացրեցի այդ մասին կլինիկայի տնօրենին: Նա կանչեց ծնողներին ու պայմանավորվեց, որ վիրահատությունն անվճար կանի, բայց հետո կարիք կլինի ֆիզիոթերապիայի այլ կլինիկայում, որտեղ ամեն բան կանեն զուտ խորհրդանշական գումարի դիմաց:

Ծնողները կասկածում էին ու միշտ հարցնում, թե ինչ կլինի, եթե վիճակն ավելի վատանա: «Ես ձեզ անկեղծ կասեմ. դաշնակահարուհի կամ թենիսիստուհի նա չի դառնա, բայց ձեռքը կուղղվի, ու աղջիկը կկարողանա նորմալ պահել այն, լիարժեքորեն այն շարժել, գրել»,- վստահեցնում էի նրանց: Եվ նման մի խոսակցության ժամանակ աղջիկն ինքը հարցրեց.

-Բժի՛շկ, իսկ նկարել կկարողանա՞մ: Ես շատ եմ ցանկանում նկարել:

Մոր աչքերում արցունքներ հայտնվեցին, նա կրծքին սեղմեց աղջկան, իսկ հայրը իջեցրեց աչքերը…

Ընդամենը մեկ տարի անց ես ստացա ամենաթանկարժեք նվերը, որ ինձ երբևէ նվիրել էին: Ինձ այցելեց այդ աղջիկը՝ իր ծնողների հետ ու նկար նվիրեց, որն ինքն էր նկարել հատուկ ինձ համար»:

Ընկերս հեռախոսով նկարել էր այն ու ցույց տվեց մեզ մանկական այդ նկարը. դա մի մեծ գունավոր ծաղիկ էր, որը դեռևս բացահայտված չէր կենսաբանների կողմից, իսկ ներքևում մանկական ծուռումուռ ձեռագրով տպատառերով գրված էր. «Շնորհակա՜լ եմ, բժի՛շկ»:

Ըստ adme.ru-ի