Ահա Ես ձեզ հետ եմ

«Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև աշխարհի վերջը» (Մաթևոս 28.20):

Աստծո մի ծառայող պատմում է, թե ինչպես դժվար 30-ական թվականներին ճնշումների է ենթարկվում իշխանությունների կողմից և աքսորվում Մագադանի մարզ՝ նախկին խորհրդային միության բազում այլ քրիստոնյաների և անհավատների հետ: Աքսորավայրերում կյանքը շատերին էր դատապարտում մահվան՝ սովից ու ցրտից:

Մեկ անգամ նրան այլ բանտարկյալների հետ տանում են սյան համար փոս փորելու, մեկ փոս փորելու համար մեկ հոգի էր դրված: Սահմանված էր խիստ ռազմական վերահսկողություն. երկու բանտարկյալի հասնում էր մեկ պահապան: Պահապանը կանգնում էր երկու բանտարկյալների միջև 25 մետր հեռավորության վրա: Գետինը սառած էր, փորելը՝ դժվար, բոլորը հոգնած էին ու սոված:

Երբ հայտարարում են կարճ հանգիստ, եղբայրը նստում է այդ սառած գետնին, կռանում և Աստծուն խնդրում, որ իրեն մի բան տա ուտելու: Աղոթքի մեջ նա ասում է. «Սիրելի՛ Հայր, Դու տեսնում ես, որ ես ուտել եմ ուզում, թող ես չմեռնեմ սովից այստեղ, ինձ մի կտոր հաց տուր ուտելու»:

Հանկարծ լսում է, որ պահապանն իր մոտ է կանչում իրեն: Նա մոտենում է և հարցնում. «Կանչո՞ւմ էիք ինձ»:

Նրա տանջված դեմքին նայելով՝ վերջինս ասում է. «Դու այստեղ ծանոթներ ունե՞ս»:

«Իմ հայրենիքն այստեղից հազարավոր կիլոմետրեր հեռու է, և դուք գիտեք, որ ես այստեղ ոչ մեկին չունեմ՝ բացի բանտարկյալ ընկերներիցս և ձեզնից»:

Պահապանն ասում է. «Հենց նոր անտառից մի մարդ դուրս եկավ, նա նման էր Հիսուս Քրիստոսին. ես մանկությանս տարիներին տեսել եմ Նրա նման մեկին տատիկիս Աստվածաշնչում, քո անունն ու ազգանունը տվեց և խնդրեց ինձ, որ այս սկուտեղը քեզ փոխանցեմ»: Այս խոսքերի հետ նա մի սկուտեղ է տալիս, որի վրա կար ճաշ, ջեռեփուկ և մի մեծ հաց:

Երբ եղբայրը տեսնում է սա, արցունքները չի կարողանում զսպել, իսկ պահապանն ասում է.

«Մի լացիր, քեզ են բերել, վերցրո՛ւ, գնա աշխատանքային քո տեղը և կեր: Այստեղ ոչ մեկին կատարվածի մասին չասես»:

Եղբայրը վերցնում է սկուտեղը, վերադառնում աշխատանքային իր տեղը, գոհանում Աստծուց՝ իր աղոթքին արագ պատասխանելու և հոգատարության համար:

Քրիստոսը սիրում է և հոգ է տանում իր զավակների մասին:

Պ. Կ. Շատրով