7 բան, որ արժե փոխել 2019 թվականին

«FIRE School of Ministry»- ի նախագահ Մայքլ Բրաունը  մի հոդվածով անդրադարձել է կյանքում փոփոխություններ և բարեփոխումներ իրականացնելու կարևորությանը: Ամանորյա տոներին մարդիկ հաճախ վերլուծում, խորհում են իրենց կյանքի մասին, ծրագրեր կազմում ապագայի համար: Շատերը դա անում են այն պարզ պատճառով, որ հոգնած և ծանրացած են իրենց ապրելաոճից և լուրջ բարեփոխումների են ձգտում:
Ահա 7 խորհուրդ Դոկտոր Բրաունից նրանց համար, ովքեր 2019 թվականին փոփոխություններ են ցանկանում:


1. Եղեք քաղաքավարի: Մայքլ Բրաունը նշել է, որ այսօր, երբ ոչ թե երես առ երես, այլ սոցիալական կայքերի միջոցով արտահայտվելու մեծ հնարավորություններ կան, հավատացյալներն անգամ հաճախ դրսևորում են ավելի վատ վարվելակերպ, քան աշխարհիկ մարդիկ:
Նա առաջարկել է հետևել բառերին և մտածել՝ նախքան որևէ բան գրելը կամ ասելը: Նա կոչ է արել քրիստոնյաներին ջանալ լինել ավելի քաղաքավարի, որպեսզի ուրիշներց էլ համանման պատասխան ստանալ:

2. Մի պահեք ձեզ երես առած երեխայի նման: Ժամանակակից հասարակությունը բաղկացած է փնթփնթացողներից, ովքեր ոչ մի պատասխանատվություն չեն ուզում կրել: Իրենց բոլոր անհաջողություններում ու խնդիրներում մեղավոր են ուրիշները՝ մարդիկ, հանգամանքները, եղանակը, ամեն-ինչ, միայն ոչ իրենք:
Բոլոր նրանց, ովքեր ունեն «ես մեղավոր չեմ» մտածելակերպը, հեղինակը կոչ է անում պատասխանատվություն ստանձնել և դադարել մեղադրելը: Եթե անգամ ձեզ հետ վատ են վարվել, և դուք ունեք միանգամայն բոլոր իրավունքները վիրավորվելու համար, մի մեղադրեք ոչ ոքի, և դուք կտեսնեք, թե որքան ազատություն ձեռք կբերեք ու ձեր կյանքը կբարեփոխվի:

3. Գոհացող եղեք: Պետք է սովորել լինել գոհացող: Փորձեք միշտ գտնել որևիցե բան, որի համար արժե շնորհակալ լինել: Դա չի վնասի ձեզ: Կան մարդիկ, ովքեր ավելի վատ վիճակներում են, քան դուք: Սովորեք գոհանալ և կտեսնեք, թե ինչպես է մռայլ օրը պայծառանում:

4. Փոխեք միապաղաղ ընթացքը: Եթե դուք անեք այն, ինչ նախկինում էիք անում, կունենաք նույն արդյունքները: Փորձեք հասկանալ, թե կոնկրետ ինչն է հարկավոր փոխել և քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ:

5. Կենտրոնացեք կարևորագույնի վրա: Դոկտոր Բրաունը նշում է, որ փոխհարաբերությունները ավելի կարևոր են ունեցվածքից, բնավորությունը՝ արտաքինից, իսկ ընտանիքը՝ փառքից և հարստությունից: Կարելի է աշխատել և ծառայել օր ու գիշեր ավելի ու ավելի եռանդուն, բայց տվյալ դեպքում կորցնել ընտանիքը: Արժե՞ արդյոք:

6. Մի շեղվեք ձեր գլխավոր նպատակներից: «Դժվար է չշեղվել մեր այս խենթ աշխարհում: Անընդմեջ նորություններ, նամակներ, տեքստեր, հայտարարություններ ու բազմաթիվ զվարճանքներ, անընդհատ տարբեր շեղող հանգամանքներ»,- նշել է հոդվածի հեղինակը:
Նա առաջարկում է, որ յուրաքանչյուրն իրեն հարց տա. Եթե ես շարունակեմ իմ կյանքի նույն ռիթմը, այն կհանգեցնի՞ արդյոք նպատակներիս իրականացմանը: Եթե ցանկանում ենք հասնել մեր նպատակներին, հարկավոր է կենտրոնանալ գլխավորի վրա և սկսել ծրագրել գործողությունները:

7. Եղեք հոգևոր և շարժվեք հոգու առաջնորդությամբ: Հիսուսը սովորեցնում էր մեզ առաջին հերթին փնտրել Աստծո Արքայությունը և լինել պատասխանատու տնտեսներ: Ոչ մեկի վրա որևէ տպավորություն չի գործի վրա ձեր հոգևոր լինելը, եթե այն չարտահայտվի ձեր ամենօրյա գործերում և վարքում:
Ում համար այս կետերը բարդ էին թվում, կարող է սկսել կետերից որևիցե մեկից և աստիճանաբար իրագործել բոլորը:
«Ճիշտ ուղությամբ կատարված մեկ քայլը երկար ճանապարհի սկիզբ կլինի, իսկ մեկ լավ օրը կարող է մեկ ամբողջ տարին շատ ավելի լավը դարձնել»,- այս խոսքերով է եզրափակել իր հոդվածը դոկտոր Բրաունը:

Աղբյուրը՝ ieshua.org/
Թարգմանեց՝ Աննա Բարսեղյանը