Օրհնված սեղանը

Տարիներ առաջ ես լսեցի մի զորավոր աղոթքի մասին:
Հավաքույթից հետո ինձ մոտեցավ մի տարիքով մարդ և ասաց, որ ունի մի շատ հետաքրքիր վկայություն: Դա վաղուց էր եղել, երբ նրա զավակները դեռ փոքր էին: Նա ասաց․
— Ես ամեն ինչ հիշում եմ այսօրվա պես: Այդ ձմեռը մեր ընտանիքի համար շատ ծանր էր, և այնպես ստացվեց , որ մենք ծախսեցինք ոչ միայն կուտակված ողջ գումարը, այլ նաև վերջացավ սննդի պաշարը: Այդ օրը տանը նույնիսկ հացի փշուր չկար: Ամենասարսափելին այն էր, որ երբ երեխաները տուն եկան և սովորության համաձայն պետք է ճաշեին, մենք նրանց ոչինչ չունեինք տալու:

Երբ մենք ամեն բան պատմեցինք երեխաներին, նրանք ասացին.
— Իսկ ինչո՞ւ չխնդրենք Հիսուսին, որ Նա մեզ կերակրի: Չէ՞ որ դուք մեզ սովորեցրել եք, որ Նա ամեն օր մեր համար հոգս է անում: Աստվածաշնչում գրված է, որ “Ես երեխա էի և ծերացա և չտեսա արդարին երեսից թողված, և ոչ նրա զավակին, որ հաց մուրանա: Արդարը ամեն օր ողորմած է և փոխ է տալիս, և նրա զավակը օրհնված է: ” (Սաղմոս 37:25-26):

Ուրեմն ինչո՞ւ չպատմել Նրան մեր կարիքի մասին: Գուցե Նա մեզ օգնի:
— Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես ողջ ընտանիքով ծնկի եկանք սեղանի շուրջ: Բայց նախքան աղոթքը սկսելը մեր փոքր դուստրը ասաց.
— Հայրի՛կ, ի՞նչ ես կարծում, մենք ինչպես Հիսուսին պետք է ցույց տանք, որ մենք իսկապես հավատում ենք, որ Նա մեզ կկերակրի:

Մենք չհասկացանք, թե նա ինչ է ուզում ասել, և ես հարցրի.
— Մենք էլ ին՞չ կարող ենք անել: Նա առանց խոսքի էլ գիտի, որ մենք ոչինչ չունենք:
— Այո հայրիկ, իհարկե գիտի, բայց եթե մենք նստելու ենք սեղանի շուրջ, ինչո՞ւ սեղանին սպասք չդնենք: Կարծում եմ այդ ժամանակ նա կտեսնի, որ մենք իսկապես հավատում ենք Իր խոսքին:

Ես ժպտացի ու մտածեցի, որ երեխայի հավատքը չպետք է կոտրել: Սեղանին դրեցինք սպասք, ապա ծնկի եկանք: Դա հրաշալի աղոթք էր: Ես մինչ օրս հիշում եմ կրտսեր դստերս աղոթքը.”Թանկագին Հիսուս, տես` սպասքը դրված է, որպեսզի Դու տեսնես, որ մենք Քո խոսքին հավատում ենք: Խնդրում եմ, մեզ ուտելիք ուղարկիր, որ լցնենք դատարկ պնակները”:

Կատարվեց անհնարինը: Դուք երևի դժվարանաք հավատալ կատարվածին: Մենք նոր էինք ծնկած տեղից վեր կացել, երբ դուռը թակեցին: Դռան առաջ կանգնած էին երկու կին`սննդով լցված մեծ զամբյուղներով: Մենք նրանց չէինք ճանաչում, բայց նրանք ասացին, որ Աստված իրենց սրտին դրել է մեր տուն սնունդ բերելու ցանկություն և անգամ նշել է մեր տան հասցեն, որպեսզի նրանք չշփոթվեն:

Մենք նրանց տուն հրավիրեցինք, ցույց տվեցինք սեղանի վրա դրված սպասքը և պատմեցինք մեր այդ օրվա պատմությունը:
Գիտեք, դժվարանում եմ ասել, թե մեզանից ով էր ավելի երջանիկ` մե՞նք, թե՞  նրանք: Բայց ամենաերջանիկը մեր կրտսեր դուստրն էր, որովհետև նա համոզված էր, որ Հիսուսը պատասխանելու է մեզ, և իր հավատքով ստացավ դա: