Օրհնություն եղիր քո առաջնորդի համար

Եբրայեցիների 13.17-ը հայտարարում է. “Ականջ դրեք ձեր առաջնորդներին և հնազանդեցեք. որ նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես թե հաշիվ պիտի տան, որ ուրախությունով անեն այն և ոչ թե հառաչելով, որ դա ձեզ օգուտ չէ”:
Այլ խոսքերով ասած՝ քո հոգևոր առաջնորդի կամ առաջնորդների հոգատարությունն ու սրտացավությունը մի ընդունիր սովորականի պես, ասես նրանք այդպիսին էլ պետք է լինեին: Փոխարենը, ուրախացրու նրանց քո վերաբերմունքով ու հարգանքով:
Ահա մի քանի գաղափար, թե ինչպես կարող եք օրհնել ձեր առաջնորդին այս շաբաթ.

1. Գրավոր կերպով ուղարկեք ձեր գնահատանքի խոսքը նրան: Գրեք, թե ինչպես է նա ազդել ձեր կյանքի վրա Քրիստոսի սիրով: Շատ առաջնորդներ գուցե չպատկերացնեն, թե որքան մեծ ազդեցություն է բերում իրենց աշխատանքը մարդկանց վրա, և հաճելիորեն զարմացած կլինեն՝ նման գրություն ստանալով:

2. Հավաքեք փոքրիկ խումբ՝ աղոթելու նրա համար կիրակնօրյա ծառայությունից առաջ: Քարոզելուց առաջ չկա ավելի շատ ոգեշնչող ու հաստատություն բերող մի բան, քան իմանալը, որ քո համայնքն աղոթում է քեզ համար: Դա կհիշեցնի առաջնորդին, որ ինքը չի քարոզում իր հակառակորդներին, այլ իր հավատակից քույր ու եղբայրներին, ովքեր միաբանվել են նրա հետ Աստծո խոսքը լսելու շուրջ:

3. Խոսեք դրական բաներ նրա մասին՝ իր “մեջքի հետևում”: Մեծ է գայթակղությունը՝ բամբասելու եկեղեցու առաջնորդների մասին: Եվ ճանապարհներից մեկը՝ հաղթելու այդ գայթակղությունը, նրանց մասին դրականը խոսելն է: Սա կարող է վերջ դնել բամբասանքին ու քաջալերել ուրիշներին՝ գնահատելու այն առաջնորդներին, որ Տերը դրել է եկեղեցում:

4. Հարցեր տվեք նրան քարոզի վերաբերյալ: Շատ առաջնորդներ ժամեր են անցկացնում քարոզի պատրաստվելիս: Այն տալուց հետո նրանք չգիտեն՝ արդյոք մարդիկ հասկացա՞ն, ընկալեցի՞ն ու իրենց քարոզն արձագանք գտա՞վ նրանց սրտերում: Երբ մարդիկ հարցեր են տալիս քարոզի վերաբերյալ, դա թույլ է տալիս առաջնորդին իմանալու, որ իր աշխատանքը զուր չի եղել, և իր ուղերձը հասել է ժողովրդին: Իմանալը, որ քարոզը քննարկումների առիթ է հանդիսացել՝ լավագույն գովասանքն է քարոզչի համար:

5. Եղեք ակտիվ եկեղեցում ունեցած ձեր ծառայության մեջ: Առաջնորդները հաճախ իրենց միայնակ են զգում: Շատ ժամանակ նրանք գերծանրաբեռնված են, որովհետև ամեն բան իրենց է վստահված: Այնուամենայնիվ, երբ անդամներն օգտագործում են իրենց պարգևներն ու հմտությունները՝ մասնակցելու ծառայությանը եկեղեցում, առաջնորդը ստանում է անհրաժեշտ օգնություն և քաջալերանք:
Առաջնորդները շարունակաբար օրհնում են իրենց համայնքի կյանքը: Մի՛ մոռացեք ինքներդ նույնպես օրհնություն լինել ձեր առաջնորդի համար:

Սքոթ Էթբերի