Տվե՛ք նրան Աստվածաշունչ, սովորեցրե՛ք աղոթել և տո՛ւն ուղարկեք

Այնքան հեշտ է իմանալ ճիշտ պատասխանները՝ չհասկանալով դրանց բուն իմաստը:
Իմ մանկության ընկերուհին բաց չի թողել ոչ մի եկեղեցական ծառայություն: Շատերը նայում էին նրան և հիանում նրա հոգևոր հասունությամբ: Սակայն տասը տարի անց նա հեռանում է Աստծուց և հրաժարվում այլևս եկեղեցի հաճախել:
Նրա սենյակի պատերը մինչ օրս զարդարում են մեդալներն ու մրցանակները, որոնք նա ստացել էր աստվածաշնչյան խոսքերի մտապահման համար, բայց ի՞նչ օգուտ այժմ դրանցից:
Ինչպե՞ս նման բան կատարվեց:
Շատ քրիստոնյաներ հեռանում են հավատքից աշխատանքի, զբաղվածության կամ այլ փնտրտուքների պատճառով, ասես Աստված եղել է նորաձևությանը համապատասխանող մեկը, և այժմ այլևս նորաձև չէ:
Եվ ինչո՞ւմն է կապն աստվածաշնչյան խոսքերի մտապահման և եկեղեցի հաճախելիության նվազման միջև: Գուցե պատճառն այն է, որ դաստիարակել ենք մի սերունդ, որի համար Հիսուսը ճիշտ պատասխանն է, բայց ո՛չ իրական ու կենդանի:
Երբ երիտասարդը ոտք է դնում այս նեղ, մրցակցությամբ լի աշխարհը, որտեղ շատերն են հետաքրքրությամբ սպասում, թե ինչով նա կհիմնավորի իր հավատքը, գալիս է մի դժվար փորձություն:
Աշխարհ դուրս գալով՝ երիտասարդների մտքում հոգևոր կյանքի վերաբերյալ հաճախ ծագում են հարցեր կամ կասկածներ, և հետզհետե մտավախություն է առաջանում, որ իրենք քրիստոնյա չեն, որովհետև չեն կարող հիմնավոր կերպով բացատրել իրենց շրջապատողներին, ու նախ և առաջ՝ իրենք իրենց, թե ինչո՞ւ են քրիստոնյա կամ ինչո՞ւ են որոշել հավատացյալ լինել:
Լավ է Աստծո Խոսքը մտապահելը, սակայն եթե չօգնենք երիտասարդներին իրական փոխհարաբերություններ ունենալ Արարչի հետ, ապա աստվածաշնչյան խոսքերը նրանք զուր են սովորում:
Ինչպե՞ս փոխել այս իրավիճակը: Լուծումը հեշտ է. Հիսուս չպետք է միայն նրանց մտքերում լինի, այլ նաև սրտերում հաստատված: Պարզապես իմացությունը հեշտ է մոռացության մատնվում: Սակայն ճշմարտությունը, որն արմատավորված է սրտում, շատ դժվար է մարդուց խլել:
Եվ այսպես, ինչպե՞ս Հիսուսի մասին ճշմարտությունը ուղեղից տեղափոխենք սրտի մեջ: Ո՛չ մի կերպ: Միայն Աստվա՛ծ կարող է դա անել: Իսկ մենք կարող ենք պարզապես գործակից լինել Նրան այդ գործում:

Տվե՛ք ավելի շատ հարցեր, քան պատասխաններ:
Հիսուսի համար քարոզչության լավագույն ձևը հարցեր տալն էր: Ղուկասի ավետարանում Նա հարցնում է. «Ի՞նչ են ինձ համար մարդիկ ասում, որ լինեմ»: Նկատեք, որ Հիսուս չասաց. «Ժողովո՛ւրդ, իսկ գիտե՞ք, թե Ո՛վ եմ Ես: Ես Աստծո Որդին եմ: Հրաշալի է, այնպես չէ՞»:
Ո՛չ, Նա գիտեր, որ ամեն ինչ բացելով մարդկանց առջև՝ պարզապես տեղեկություն կտար նրանց: Այս պատճառով Նա ձգտում էր, որ իրե՛նք գան ճշմարիտ գիտակցման, որ ճշմարտությունը հաստատվի նրանց  սրտերում:
Հաճախ պատասխանելով երիտասարդների բոլոր հարցերին՝ մենք թույլ չենք տալիս նրանց իմանալու պատասխաններն անմիջապես Աստծուց:

Դադարե՛ք մարդկանց տալ հանձնարարություններ, որոնք կխլեն նրանց աղոթքի ժամանակը:
Ժամանակակից արագընթաց կյանքում մենք ունենք անթիվ գործեր: Եվ երբեմն կորում է «ավելի լավ է քիչ, բայց որակով» սկզբունքը:
Եթե ցանկանում եք, որ գալիք սերունդը լինի Աստծո հետևորդ, ապա տվեք նրան Աստվածաշունչ, սովորեցրեք աղոթել և տուն ուղարկեք՝ գործնականում կիրառելու ամեն գիտելիք:

Ոգեշնչե՛ք նրանց, ովքեր կասկածի մեջ են:
Եթե դուք կարդում եք և մտածում. «Դե, ինձ համար հույս չկա այլևս: Ես չեմ կարող ինքս ինձ քրիստոնյա համարել», իմացե՛ք, որ նման մարդիկ այսօր շատ են:
Եվ վերջապես, դուք սխալվո՛ւմ եք: Այսօր քրիստոնյային պարտության մատնելու սատանայի օգտագործած ամենատարածված մեթոդներից մեկը սա է՝ «Եթե դու որոշ կասկածներ ունես դեպի Աստված, ապա դու Աստծուն չես պատկանում»:
Հիշե՛ք Հովհաննես Մկրտչի վերջին խոսքերը՝ ուղղված Հիսուսին: «Դո՞ւ ես Նա, որ գալու է, թե՞ ուրիշի սպասենք»:
Հովհաննեսին նույնպես տանջում էին կասկածները, սակայն Հիսուս նրան չի դատում. «Պատմեցե՛ք, ինչ որ տեսաք և լսեցիք. կույրերը տեսնում են, կաղերը գնում են, և մեռելները հարություն են առնում» (Ղուկաս 7):

Հիսուս չի քաջալերում նրան աստվածաբանական խրատներով, այլ ոգեշնչում է այն ամենով, ինչ Հովհաննեսն ինքն էր տեսել ու վերապրել իր կյանքում:
Կասկածների դեպքում խոսքեր անհրաժեշտ չեն, որովհետև աստվածաբանությունը հաստատվում է ուղեղի մեջ, իսկ փորձն արմատավորվում է սրտում: Այսուհետ կասկածողներին ասեք, որ կարիք չկա շտապելու՝ սովորել հասկանալ Աստծուն, այլ Աստծուն պետք է ճանաչել սրտո՛վ: