Վախերը նահանջում են մեծ Աստծո առջև

2009թ-ի օգոստոս. մենք մեկ ժամ էր արդեն՝ ինչ մեքենայով ուղևորվում էինք դեպի Արիզոնա նահանգի արևմուտք: Ես նստած էի դիմացի նստարանին՝ իմ ընկերոջ մեքենայի մեջ, հետևում նստած էր նրա հայրը. մենք գնում էինք Չիկագո:

Ես չէի նկատել, թե ինչպես էի քնել, իսկ արթնացա ընկերոջս հոր գոռոցից: Այն պահին, երբ բացեցի աչքերս, հասկացա, որ մենք վթարի ենք ենթարկվել: Հետագա երկու շաբաթները անցկացրեցինք հիվանդանոցում: Իմ ընկերը, ով ավելի ուշ դարձավ իմ ամուսինը, կոտրել էր գլուխը՝ մեքենայի ղեկին ուժգին հարվածելով, երբ մեքենան ճանապարհից դուրս էր եկել: Գլուխը անհապաղ վիրահատեցին, նրա կյանքը փրկված էր:

Բայց այդքանով չավարտվեցին մեր կյանքում այդ օրվա հետևանքները. մեկ օր հասկացա, որ իմ սիրելի մարդու կյանքը դեռ վտանգի տակ է, երբ վիրահատված մասում սկսեցին թարախային կուտակումներ հայտնվել: Դա հանգեցնում էր գլխացավերի և այլ տհաճ հետևանքների, որոնք ազդում էին ուղեղի աշխատանքի վրա:

Աստված բարի է ամեն ժամանակ

Անհանգստությունն ու վախերը օրեցօր տանջում էին ինձ: Ես չէի կարողանում վերահսկել մտքերս՝ պատկերացնելով ամենավատը, ինչ կարող էր պատահել ամուսնուս, իսկ ավելի ուշ՝ նաև երեխաներիս հետ: Ես կարդում էի գրքեր, շփվում փորձառու մարդկանց հետ, բայց, միևնույնն է, չէի կարողանում ազատվել այդ կործանարար մտքերից:

Ես ջերմեռանդորեն աղոթում էի վախերիս դեմ, և Աստծո ողորմությամբ՝ իմ անհանգստությունը հետզհետե սկսեց կորչել հետագա մի քանի տարիների ընթացքում: Հետո գլխումս մի նոր միտք ծագեց (կամ՝ ոչ թե նոր, այլ միտք, որի մասին մոռացել էի). Աստված բարի է ամեն ժամանակ: Սա այն էր, ինչի մասին մենք խոսում էինք եկեղեցում, երբ ես դեռևս երեխա էի: Բայց այն, ինչը մի ժամանակ ոչինչ չէր նշանակում ինձ համար, այժմ մեծ իմաստ ձեռք բերեց և դարձավ իմ փրկարարական օղակը:

Խաղաղության վայր

Երբ իմ մեջ պատկերանում էին տարբեր վատ մտքեր ու ապագա վատ իրադարձություններ, ես ինքս ինձ ասում էի, որ Աստված բարի է: Ես գիտեի, որ այն, ինչ պատկերացնում էի, կարող էր կատարվել: Աստված երբեք չէր խոստացել, թե երբևէ ոչ մի վատ բան չի կատարվի մեզ հետ: Անգամ երբ ամենավատն էր պատահում, ես գիտեի, որ Աստված չի կորցրել Իր զորությունը և շարունակում է բարի լինել: Ես չէի կարող կորցնել մեկին, ով ինձ համար շատ թանկ էր, որովհետև ինձ պահում էր նրա գերբնական ու վերերկրյա սերը: Այդ ժամանակ ես դեռևս չգիտեի այն, ինչ սկսեցի հասկանալ միայն այն ժամանակ, երբ Աստծո սերը սկսեց օգնել ինձ իմ անհանգստությունը հաղթահարելու հարցում:

Անցնելով շարունակական միգրենի, հիվանդանոցների և սարսափելի ֆինանսական խնդիրների միջով, մենք գիտակցում էինք, թե ինչպես էր Աստված ամրացնում մեր հավատքը: Եվ մենք շնորհակալ էինք Աստծուն, որովհետև առանց Նրա մենք չէինք ունենա այն հավատքը, որ ունեինք:

Մեր կուռքերը մեզ անհանգստություն են բերում

Ո՞րն էր իմ իրական մեղքը, երբ ես տարված էի իմ վախերով: Ես միշտ մտածում էի, թե դա անվստահության պակասն էր, և մասամբ դա ճշմարտություն էր: Բայց հիմա ես գիտեմ, որ լիակատար պատասխանը սա է. կար մի բան, որ ես սիրում էի ավելի, քան Աստծուն: Այլ խոսքերով՝ իմ խնդիրը կռապաշտությունն էր:

Ես իմ ամուսնուն ու երեխաներին սիրում էի ավելի, քան Աստծուն: Ես ավելի հոգ էի տանում ընտանիքիս ու իմ հարմարավետության մասին, քան Աստծո հետ իմ փոխհարաբերությունների:

Խնդիրն այն էր, որ ես նրանց սիրում էի ու փայփայում ավելի, քան սիրում էի Աստծուն:

Պետք էր փոխել իմ առաջնահերթությունների տեղերը. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենքը կտրվի ձեզ» (Մաթևոս 6.33): «Ո՞վ ունեմ ես երկնքումը, և քեզանից ջոկ բան չեմ ուզում երկրի վրա» (Սաղմոս 73.25):

Ժամանակի հետ ես ազատագրվեցի ընտանիքիս և սեփական հարմարավետությանս հանդեպ այդ կռապաշտական սիրուց: Աստված բարի էր: Նա չթողեց մեզ միայնակ, այլ անցկացրեց մեզ այդ բոլոր ցավերի, ֆինանսական խնդիրների և զգացմունքային անկայունության միջով՝ հետզհետե Իր Արքայությունը մեր կյանքում ընդլայնելով:

Կռապաշտությունը նուրբ խնդիր է: Մենք կարող ենք անգամ մեր կյանքի լավագույնը, անգամ մեր բարեպաշտ մղումները վերածել փոքրիկ «աստվածների»: Ես դանդաղորեն անգիտակցաբար խախտում էի Մեծ պատվիրանը. «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը» (Մաթևոս 22.37-38):

Հանել արմատի հետ միասին

Տագնապն ու վախերը հաղթահարելու ձգտումը կարող է ծանր պայքար լինել: Գուցե այն մեծանա ու տանջի մեզ՝ անկախ մեր ջանքերից, քանզի հաճախ մենք բուժում ենք ախտանիշները, ոչ թե խնդրի արմատը:

Քննեք ձեր սիրտը: Կա՞ն արդյոք այնտեղ կուռքեր: Արմատախիլ արեք մեղքը՝ կռապաշտությունը, որպեսզի վերջնականորեն սպանեք այն: Աստծո հանդեպ խորը սերը կարող է բավական լինել՝ արմատախիլ անելու ձեր կուռքերը և բերելու մահ ձեր վախերին ու տագնապներին:

Մերիեն Ջեյքոբս