Նվիրված հաղթանակ

«Բայց շնորհակալությունն Աստծուն, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով» (Ա Կորնթացիս 15.57):

Ուզում եմ ձեզ մի հարց տալ. ի՞նչ եք կարծում, կա՞ տարբերություն մեզ հաղթանակի համար անհրաժեշտ զորություն տալու և հաղթանակ տալու միջև:

Մի պահ մտածե՛ք, խնդրում եմ:

Մենք հաճախ ենք լսում ու խոսում պատերազմի, հոգևոր պայքարի մասին, որ պետք է լինի յուրաքանչյուր հավատացյալի կյանքում: Բայց արդյոք չի՞ սկսվում այդ պայքարն այն գիտակցումից, որ Հիսուսը մեզ ՀԱՂԹԱՆԱԿ է տվել:

Այո՛, ես գիտեմ շատ տեքստեր այն մասին, որ մենք, Աստծով զորանալով ու հոգևոր սպառազինություն հագնելով, պետք է պայքարի մեջ մտնենք, բայց ամեն բան ապարդյուն է լինելու, եթե մենք չընդունենք, չհավատանք և չապրենք Աստծո կողմից մեզ շնորհված հաղթանակով:

Հիսուսը նվիրել է մեզ հաղթանակը: Իսկ Նա որտեղի՞ց է այն վերցրել: Նա շահել է հաղթանակը Իր մահով ու հարությամբ: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որպեսզի այն մեզ նվիրի:

Եվ լավ լուրն այն է, որ մեր առջևում կա մենամարտ արդեն պարտված թշնամու հետ:

«Մի՞ թե հզորից կառնվի ավարը, կամ արդարի գերին կազատվի՞։ Որովհետև Տերն այսպես է ասում. այո՛, տղամարդու գերին էլ կառնվի, և հզորի ավարն էլ կազատվի, և քեզ հետ վիճողների հետ էլ ես պիտի վիճեմ և քո որդկանցը ես պիտի ազատեմ» (Եսայի 49.24,25):

Լսե՛ք, թե ինչումն է կայանում մեր հույսը:

Աստված հարցնում է. «Մի՞թե հզորից կառնվի ավարը»:

Եվ Նա էլ տալիս է պատասխանը. «Այո՛», և հետո հստակեցնում է, թե որտեղից նման վստահություն. «Քեզ հետ վիճողների հետ էլ ես պիտի վիճեմ…»:

Լսո՞ւմ եք: Մի՞ թե սա հիասքանչ լուր չէ…

«Տղամարդու գերին էլ կառնվի, և հզորի ավարն էլ կազատվի»: Որովհետև Տերն է պատերազմելու նրանց հետ, ովքեր մեր դեմ են պատերազմում, ու Տերն է վիճելու նրանց հետ, ովքեր հարձակվում են մեզ վրա:

Ընկերնե՛ր, հիշեք՝ Նա է մեր թշնամիներին կործանողը, Նա է պայքարում մեր փորձությունների, կրքերի, ցավերի ու խնդիրների դեմ, որոնք հարձակվում են մեզ վրա: Հենց սրանում է կայանում մեր հույսը, որ պարտված վիճակում չենք հայտնվի:

Նա «իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց և նրանց հաղթանակեց իրենում» (Կողոսացիս 2.15):

Պավել Ֆեդորուկ