Մի նպատակասլաց մարդու պատմություն

Մի նպատակասլաց մարդու պատմություն, որը գիտեր ժամանակի արժեքը։

«Վաղ թե ուշ կյանքից հեռանալու մասին հիշելը ինձ հայտնի լավագույն միջոցն է չտրվելու այն պատրանքին, թե դու կորցնելու բան ունես»

Սթիվ Ջոբս

Սթիվեն Փոլ Ջոբս, ավելի ճանաչված որպես Սթիվ Ջոբս, ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էիփլ (Apple) կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն։ Ջոբսը նաև հանդիսանում էր Պիքսար ստուդիայի տնօրենը։
Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Մանկությունը և պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան։
Դպրոցում հետաքրքրվել է էլեկտրոնիկայով, ծանոթացել Սթիվ Վոզնյակի հետ, որը դառնում է նրա գործընկերը՝ Apple ընկերությունում:

1970-ականներին Սթիվ Վոզնյակի հետ համատեղ ստեղծեցին առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը: 1980-ականների սկզբին Ջոբսը այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որոնք ուշադրություն էին դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։ Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թվականին Ջոբսը հեռացավ Apple-ից և հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում էր բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում: 1997 թվականին Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ։ Ըստ «Fortune» ամսագրի Սթիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007 թվականի ամենաազդեցիկ գործարար և մտավ 2009 թվականի «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ։
1986 թվականին Սթիվը գնեց Lucasfilm-ից The Graphics Group ստուդիան, որը հետագայում վերանվանվեց Pixar. Նա հանդիսանում էր «Ուոլտ Դիսնեյի» տնօրենների խորհրդի անդամ։

Մեջբերեմ մի քանի պատմություններ որոնք թողել է հենց ինքը` Սթիվ Ջոբսը իր կյանքի մասին:
«Երբ 17 տարեկան էի, ինչ-որ տեղ կարդացի մի արտահայտություն, որը մոտավորապես այսպես էր հնչում. «Եթե ձեր ամեն մի օրն ապրում եք, ինչպես վերջինը, վաղ թե ուշ դուք իրավացի դուրս կգաք»: Դա տպավորվեց իմ մեջ, և այդ ժամանակից ի վեր՝ արդեն 33 տարի, ամեն առավոտ նայում եմ հայելու մեջ ու ինքս ինձ հարցնում. «Եթե այսօր քո կյանքի վերջին օրը լիներ, դու կցանկանայի՞ր անել այն, ինչ պատրաստվում ես անել այսօր»: Ու եթե պատասխանը «ոչ» էր լինում մի քանի օր շարունակ, գիտեի՝ եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը» :

«Համարյա 1 տարի առաջ ինձ մոտ քաղցկեղ ախտորոշեցին: Առավոտյան 7:30 – ին ռենգեն արեցին, և այն հստակ ցույց տվեց, որ ես ենթաստամոքսային գեղձի ուռուցք ունեմ: Ես նույնիսկ չգիտեի՝ ինչ է ենթաստամոքսային գեղձը: Բժիշկներն ասացին, որ գրեթե կասկած չկա, որ քաղցկեղի այդ տեսակն անբուժելի է, և ինձ մնացել է ոչ ավելի, քան 3-6 ամսվա կյանք: Բժիշկս խորհուրդ տվեց գնալ տուն ու գործերս կարգի բերել, որ բժշկական լեզվով ասած՝ նշանակում է պատրաստվել մահվան: Դա նշանակում է մի քանի ամսվա ընթացքում փորձել ասել երեխաներիդ այն ամենը, ինչ մտածում էիր պատմել նրանց հաջորդ 10 տարիների ընթացքում. դա նշանակում է ամեն ինչ այնպես անել, որը ընտանիքիդ համար հնարավորինս հեշտ լինի. դա նշանակում է բոլորին ասել՝ մնաք բարով:
Ես այդ ախտորոշումով ամբողջ օրն ապրեցի: Ավելի ուշ՝ երեկոյան, բիոպսիա կատարեցի, կոկորդովս ու ստամոքսովս էնդոսկոպ անցկացրին ենթաստամոքսային գեղձիս մեջ և ուռուցքից մի քանի հյուսվածք վերցրին: Ես անգիտակից վիճակում էի, բայց կինս, որ այնտեղ էր, պատմեց՝ երբ բժիշկները մանրադիտակի տակ ուսումնասիրեցին հյուսվածքները, թեթևացած շունչ քաշեցին. պարզվում է՝ ինձ մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հազվագյուտ տեսակ է, որը կարելի է բուժել վիրահատության միջոցով: Ինձ վիրահատեցին, և ես հիմա լավ եմ:
Այդ օրը ես շատ մոտ էի մահվանը և հուսով եմ, որ ավելի մոտ դեռ մի քանի տասնամյակ էլ չեմ լինի: Այդ ամենի միջով անցնելով՝ ավելի քան վստահ կարող եմ ասել, որ մահն օգտակար, բայց բացառապես մտավոր հասկացություն է: Ոչ ոք չի ուզում մահանալ: Նույնիսկ նրանք, ովքեր ուզում են հայտնվել երկնքում, չեն ուզում մեռնել, որպեսզի այնտեղ ընկնեն: Եվ, այնուամենայնիվ, մահը մեր բոլորիս վերջնակետն է: Ոչ ոքի չի հաջողվել փախչել դրանից: Այդպես էլ պետք է լիներ. մահը, գուցե, կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն կյանքի փոփոխությունների գործակալն է. նա դուրս է մղում հինը՝ տեղ բացելով նորի համար: Հիմա նորը դուք եք, բայց շատ շուտով կգա այն պահը, երբ դուք կդառնաք հին, ու ձեզնից կազատվեն: Կներե՛ք, որ դա այդպես ողբերգական է հնչում, բայց դա է ճշմարտությունը:»

«Ձեր ժամանակը սահմանափակ է. մի՛ վատնեք այն՝ մեկ ուրիշի կյանքն ապրելով: Մի՛ ընկեք պարտադրանքների ցանցը. մի՛ ապրեք այլոց մտքերի արգասիքներով. թույլ մի՛ տվեք, որ այլոց կարծիքների աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը, ձեր սրտին ու ներքին ձայնին հետևելու արիությո՛ւն ունեցեք: Հե՛նց նրանք են, որ գիտեն՝ ինչ եք իրականում ուզում դառնալ: Մնացածը երկրորդական է:»

«Երբ երիտասարդ էի, մի այսպիսի հրաշալի պարբերական կար՝ «Ողջ երկրագնդի տեղեկագիր»: Այն ստեղծել էր Ստյուարտ Բրենդ անունով մի մարդ, ով ապրում էր այստեղից ոչ հեռու ՝ Մենլո Պարկում, և նա հոգով էր մոտեցել այդ գործին: 60-ականների վերջում էր՝ մինչ անձնական համակարգիչների ու սեղանի հրատարակությունների հայտնվելը, այդ պատճառով ամեն ինչ կատարվում էր գրամեքենաների, մկրատների ու ֆոտոխցիկների միջոցով: Դա Գուգլի պես մի բան էր, ուղղակի թղթի վրա՝ Գուգլի հայտնվելուց 35 տարի առաջ. ինչ-որ իդեալիստական բան էր՝ բացառիկ գործիքներով ու հիանալի գաղափարներով լի:
Ստյուարտն ու իր թիմը «Տեղեկագրի» մի քանի համար թողարկեցին, իսկ հետո, երբ եկավ առաջ շարժվելու ժամանակը, թողարկվեց վերջնական տարբերակը: 70-ականների կեսերին էր. ես մոտավորապես ձեր տարիքին էի: Վերջին համարի շապիկի դարձերեսին առավոտյան արված մի լուսանկար էր՝ քաղաքից դուրս ինչ-որ փողոցի, որով կարող էիք ճամփորդության մեկնել, եթե բավականին համարձակ լինեիք: Լուսանկարի տակ գրված էր՝ «Մնա՛ քաղցած, մնա՛ անխոհեմ»: Դա նրանց հրաժեշտի հաղորդագրությունն էր բաժանումից առաջ: Մնա՛ քաղցած: Մնա՛ անխոհեմ: Ու ես միշտ այդ էի մաղթում ինձ: Եվ հիմա, երբ դուք ավարտում եք համալսարանը՝ ձեր ուղին սկսելու համար, ձեզ նույնպես այդ եմ մաղթում:

Մնացե՛ք քաղցած: Մնացե՛ք անխոհեմ:»