Մի՛ փորձիր քո Տեր Աստծուն

«Այն ժամանակ սատանան նրան առավ տարավ սուրբ քաղաքը և կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա և ասաց նրան. եթե Աստծո որդի ես, քեզ վայր գցիր, որովհետև գրված է, թե՝ Իր հրեշտակներին կհրամայի քեզ համար, և ձեռքերի վրա կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չդիպցնես երբեք»

(Մաթևոս 4:5-6):

Ես տեսնում եմ այստեղ շատ արդիական օրինակ, թե ինչ հմտորեն է սատանան մոտենում Աստծո զավակներին:

Առաջինը, որ նա փորձում է անել, միտք տալն է, թե ինչ անի Քրիստոսը կամ ինչով զբաղվի. «Ցած նետվիր: Իսկ ինչո՞ւ ոչ: Դե՛, նետվի՛ր»:

Եվ երկրորդը, որ անում է սատանան, դա այն է, որ հանդես է գալիս որպես մեր աստվածաբանը՝ մեջբերելով Գրվածքները և բացատրելով, թե ինչպես պետք է այն կիրառել տվյալ դեպքում:

Այստեղ էլ հենց թաքնված է գայթակղության գլխավոր խայծը, որը կուլ են տվել շատերը. փորձիչը ներկայանում է Աստծո փոխարեն՝ պատմելով մեզ, թե ինչպիսին կլինի Նրա արձագանքը մեր արարքին:

«Դու ներքև նետվիր, իսկ հրեշտակները կբռնեն: Այդպես է, չէ՞, գրված: Դու, չէ՞ որ, Աստծո զավակ ես»:
Սատանան մինչ օրս դրանով է զբաղված. դրդում է մեզ ինչ-որ քայլի՝ միանգամից հուշելով, թե ինչպիսին կլինի Աստծո արձագանքը. «Աստված, չէ՞ որ, սիրում է քեզ: Նա կների քեզ: Աստված քեզ չի դատի, Նա, չէ՞ որ, չի ցանկանում, որ դու տանջվես: Նա անպայման կբարեխոսի քեզ համար: Իսկ ի՞նչ վատ բան կա այս արարքի մեջ: Դե՛, նետվի՛ր ցած: Հրեշտակները կպահեն»:

Իսկ եթե չպահե՞ն…

Մենք պետք է հասկանանք, որ Աստված պարտավոր չէ արձագանքել այնպես, ինչպես մենք մեզ ներշնչել ենք, կամ այնպես, ինչպես ներկայացրել է մեզ սատանան՝ անգամ մեջբերելով Աստծո Խոսքը: Ինչի՞ց ես ենթադրում, որ հրեշտակներն անպայման կպահեն: Հենց սա չէ՞ շատերին բերել հիասթափության, երբ հրեշտակները չեն պահել և ձեռքերի վրա չեն տարել: Իսկ միգուցե այդ սատանա՞ն է մեզ մեկնաբանել Աստծո խոստումները և հուշել դրանք կիրառելու տարբերակները:

Պատահական չէր Աստծո Որդու պատասխանը նրան. «Գրված է՝ մի փորձիր քո Տեր Աստծուն»:

«Մի՛ փորձիր». այսինքն՝ մի ստուգիր, թե ինչպես Նա կարձագանքի քո արարքին:

Եղեք աչալուրջ, զգոն և վերլուծեք, թե ով է ձեզ տալիս մտքեր և խորհուրդներ, ով է սահմանում ձեր աստվածաբանությունը, ձեր հասկացողությունը Աստծուն:

Եվ մի՛ նետվեք ցած: Մի արեք այն, ինչ Աստված ձեզ չի պատվիրել: