Մեր վատագույն թշնամին

Հաճախ մեր դժվարություններն ու ձախողումները  մենք վերագրում ենք արտաքին գործոններին, ինչպիսիք են, օրինակ՝ մեր վերադասը, գործընկերը, դասախոսը, ընկերը կամ զոքանչը: Սա իհարկե ողջամիտ է: Ուրիշները իսկապես կարող են բացասական ազդեցություն ունենալ մեզ վրա՝ օրինակ, չտալով մեզ արժանի պաշտոնի բարձրացումը, չարախոսելով մեր մասին, մեզ հեղինակազրկելով կամ ցածր գնահատական նշանակելով ու զրկելով մեզ այդքան անհրաժեշտ ուսման վարձի օգնությունից:

Նրանք, ովքեր մեզ հետ են պահում մեր նպատակներին հասնելուց և մեզ դժբախտություն են պատճառում, կարող են դիտարկվել, որպես թշնամիներ: Նրանք ոչ միայն չեն օգնում մեզ, այլ մեր դեմ են աշխատում:

Մինչդեռ, գոյություն ունի ավելի մեծ թշնամի, ով ապրում է մեր մեջ:

Աշխարհը լի է եսակենտրոն և խնդրահարույց մարդկանցով, ում ուրիշները շատ քիչ են մտահոգում: Նման մարդիկ խնդիր չեն տեսնում՝ ուրիշներին ջախջախելու իրենց աշխատանքային և անձնական նպատակներին հասնելու կամ իրենց հուզական կարիքները հոգալու ջանքերում: Եսակենտրոն մարդիկ միշտ էլ եղել են մարդկության պատմության հենց սկզբից և կշարունակեն լինել: Բոլորն էլ առիթ ունեցել են բախվել նման մարդկանց: Ցավոք՝ մենք չենք կարող փոխել նրանց:

Ուրիշների ոտնձգություններին դիմակայելու և մեր նպատակներին հաջողությամբ հասնելու լավագույն ռազմավարությունն առողջ անձնային հարաբերություններ հաստատելն է, անձնային հասունության մեջ աճելն ու մեր աշխատանքային հմտությունները զարգացնելն է: Այլ կերպ ասած՝ բռնե՛ք անձնային աճի ճամփան և ձե՛ռք բերեք ձեր երազանքներին հասնելու անհրաժեշտ հմտությունները:

Գոյություն ունեն գործոններ, որոնք մեզ ետ են պահում այս ճանապարհին ոտք դնելուց: Դրանցից են մոտիվացիայի, հետաքրքրասիրության պակասը և հուսահատությունը: Մինչդեռ, մեր աճը խոչընդոտող մեծագույն արգելքը մեր էգոն է, որը հայտնի է նաև որպես հպարտություն: Մեր փքված էգոն մեր մեծագույն թշնամին է: Որքան մեծ է մեր էգոն, այնքան ավելի մեծ է դրա պատճառած վնասը:

Ահա դա նկարագրելու մի քանի օրինակ: Մեծ էգոն մարդկանց ետ է պահում․

  • Սովորելու և աճելու իրենց կարիքը ընդունելուց,
  • Ուրիշներից խորհուրդ հարցնելուց և այն հաշվի առնելուց,
  • Ուրիշներից, և հատկապես՝ ավելի երիտասարդներից սովորելուց,
  • Կառուցողական քննադատությունն ընդունելուց,
  • Սեփական թերությունները քննարկելուց
  • Սեփական սխալներն ընդունելուց և ներողություն խնդրելուց,
  • Ցածր պաշտոնից սկսելուց, որտեղ նրանք կարող են աճել և պաշտոնի բարձրացում ունենալ:

Չսանձահարված էգոն կարող է ավելի մեծ վնաս պատճառել տվյալ անձին և իր փոխհարաբերություններին, քան նա կարող է պատկերացնել: Օրինակ.

  • Նա հեշտությամբ վիրավորվում է և բարկանում, երբ անտեսվում է կամ անուշադրության արժանանում,
  • Նա ներքաշվում է խնդիրների մեջ և կռվում է ղեկավարների, գործընկերների, ընկերների և սիրելիների հետ,
  • Նա ուրիշներին նվաստացնում է՝ նրանցից բարձր երևալու համար,
  • Նա պարտքով փող է վերցնում՝ ճոխ մեքենա գնելու համար, որն իրեն թույլ տալ չի կարող
  • Նա նույն ձևով է պատասխանում այն անձանց, ովքեր վիրավորում են իրեն՝ նրանց դիվանագիտորեն շահելու փոխարեն,
  • Նա կարիքի դեպքում հրաժարվում է օգնություն խնդրել,
  • Նա պնդում է իր տեսակետները և հրաժարվում է հաշվի առնել մյուսներինը և չի կարող, թիմային աշխատել,
  • Նա պարծենում է ինքն իրենով և փորձում է ուշադրության կենտրոնում լինել՝ ձանձրացնելով մարդկանց ևկորցնելով իր լրջությունն ու հարգանքը:

Մարդկային պատմությունը լի է չափազանց տաղանդավոր և ունակ առաջնորդներով, ում էգոն նրանց կործանման է տարել: Նույնը ճշմարիտ է մասնագետների, բիզնեսմենների, աշխատողների և սովորական մարդկանց համար:

Չնայած համատարած համոզմունքին՝ եսասիրությունը քաջության և տղամարդկության նշան չէ: Ավելի ճիշտ՝ այն խոսում է մարդու փխրունության և ցածր ինքնագնահատականի մասին:

Եսասերները սիրված չեն, մինչդեռ նույնը չի կարելի ասել խոնարհ մարդկանց մասին: Նրանք բարձրացնում ենուրիշներին, ուշադրության են արժանացնում նրանց և ողջունում են նրանց դրական հատկանիշներն ուձեռքբերումները: Խոնարհ մարդկանց հետ հաճելի է շփվել, և նրանք թեթևացնում են ուրիշները բեռը:

Երեխաների էգոն աննկատելիորեն փոքր է: Երիտասարդները բաց են՝ սովորելու համար, հեշտորեն օգնությունեն խնդրում, ընդունում են քննադատությունը և դժվար են վիրավորվում: Դժբախտաբար, մեր էգոն տարիքի հետ էմեծանում: Սա հասկանալի է, ընդունելի և երբեմն՝ անհրաժեշտ: Մեր էգոն խնդիրներ է առաջացնում այնժամանակ, երբ աճում է այն աստիճանի, որ փչացնում է փոխհարաբերությունները և ետ է պահում մեզ՝սովորելուց և աճելուց:

Մեծ էգոյի պատճառները շատ են և փոխկապակցված: Մենք կքննարկենք դրանք մեկ այլ հոդվածի միջոցով: Թույլ տվեք պարզապես ասել, որ մշակութային գործոնները և ցածր ինքնագնահատականը խտավցած օդ են փչում մեր էգոյի մեջ, որի փքվելը պայթյունավտանգ է դառնում մեզ համար:

Հարութ Ներսեսսյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ
Աղբյուր՝ http://blog.lyd.am