Մերօրյա Հովսեփներին. Դեյվիդ Ուիլքերսոն

Հովսեփի ամենամեծ փորձությունը Աստծո Խոսքով փորձությունն էր, այն Խոսքով, որը նա այնքան սիրում էր ու վստահում:

«Նրանց առաջից մարդ ուղարկեց. Հովսեփը ծառայության մեջ ծախվեց։ Չարչարեցին նրա ոտքերը կապանքի մեջ. նրա անձը երկաթի մեջ մտավ։ Մինչև այն ժամանակ, որ նրա խոսքն եկավ. Տիրոջ խոսքը փորձեց նրան» (Սաղմոս 105.17-19): Հովսեփը շատ միջոցներով ստուգվեց ու փորձվեց, բայց նրա մեծագույն փորձությունը Խոսքն էր, որը նա ստացել էր:

Լինելով ընդամենը 17 տարեկան՝ նա մերկացվեց ու նետվեց խորը փոսի մեջ՝ սովից մեռնելու: Սառնարյուն եղբայրները ծիծաղում էին իրեն ողորմելու նրա աղաչանքների վրա: Նա վաճառվեց իր եղբայրների կողմից, քարավանով ուղարկվեց ստրուկների եգիպտական շուկա ու նորից վաճառվեց՝ որպես սովորական ստրուկ:

Բայց մեծագույն փորձությունը Հովսեփի համար իր եղբայրների դավաճանությունը չէր, իր մարդկային արժանապատվության անարգումը չէր, երբ վաճառվում էր՝ որպես ստրուկ, կամ նետվում բանտի զնդանը՝ որպես հանցագործ: Ո՛չ, Հովսեփը շփոթված էր հոգով այն պարզ Խոսքից, որ լսել էր Աստծուց:

Աստված երազների միջոցով Հովսեփին բացել էր, որ նրան տրվելու էր մեծ իշխանություն, և նա դա օգտագործելու էր Աստծո փառքի համար: Նա դառնալու էր մեծ ազատիչ շատ մարդկանց համար:

Ես կարծում եմ, որ այս հայտնություններից ոչ մեկը տրված չէր Հովսեփին նրա եսասիրությունը փորձելու համար: Նրա սիրտը այնքան նվիրված էր Աստծուն, որ այդ Խոսքը, ընդհակառակը, տալիս էր նրան ունակություն՝ հնազանդորեն գիտակցելու սեփական կոչումը: «Օ՜, Տե՛ր, Դու դրել ես ինձ վրա Քո ձեռքը, որպեսզի ես լինեմ մասնիկը Քո հավերժական, մեծագույն ծրագրի: Օ՜, Տե՛ր, ինչո՞ւ Դու ընտրեցիր ինձ»: Հովսեփը օրհնություն էր վերապրում միմիայն այն գիտակցումից, որ պետք է կարևոր դեր կատարեր Աստծո կամքի իրագործման մեջ:

Բայց Հովսեփի կյանքի բոլոր իրավիճակները լիովին հակառակն էին նրան, ինչ Աստված դրել էր նրա սրտին: Նա ծառա էր. նա պիտի խոնարհվեր: Ինչպե՞ս նա կարող էր պահել Խոսքը Աստծուց, թե պիտի մի օր ինքը ազատի շատ մարդկանց, եթե անձամբ ստրուկ էր: Նա պետք է որ մտածեր. «Ինչ-որ բան այն չէ: Ինչպե՞ս կարող էր Աստված իմ ճանապարհն ուղղել դեպի զնդան: Նա ասել էր ինձ, որ ես օրհնություն կստանամ: Բայց չէր ասել, որ այս ամենը նույնպես կատարվելու էր ինձ հետ»:

10 տարի Հովսեփը հավատարմորեն ծառայել էր Պետափրեսի տանը, սակայն վերջում արժանացավ զրպարտանքի ու կեղծ մեղադրանքի: Գայթակղության հանդեպ հաղթանակը նրան բանտ հասցրեց: Նման պահերի նա պետք է որ մտածեր հետևյալ հարցերի շուրջ. «Ճի՞շտ եմ արդյոք ես լսել: Մի գուցե իմ հպարտությո՞ւնն էր հորինել այն երազները: Գուցե իմ եղբայրները ճի՞շտ էին, որ ես չափից ավելի նշանակություն եմ տվել այդ Խոսքին: Գուցե այս ամենը, որ այժմ կատարվում է ինձ հետ, պատի՞ժն է իմ, այսպես ասած, ցանկությունների»:

Սիրելինե՛ր, եղել են պահեր, երբ Տերը ցույց է տվել ինձ այն, ինչ որոշել էր ինձ համար. աշխատանք, ծառայություն, պտղաբերություն, սակայն իմ բոլոր իրավիճակները հակապատկերն էին այդ Խոսքին: Այդ պահերին ես մտածում էի. «Օ՜, Աստվա՛ծ իմ, դա երևի Դու չէիր ասել, դա երևի իմ մարմինն էր»: Ես փորձվում էի ինձ ուղղված Աստծո Խոսքով:

Եթե դու էլ այս վերջին ժամանակների հովսեփներից ես Աստծո առաջ, ուրեմն սովորիր ապավինել Նրան քո փորձությունների մեջ: Սովորիր վստահել, այլ ոչ թե դժգոհել, սովորիր լիովին հանդարտվել ու խաղաղություն գտնել Նրանում: Դու, կարող է, չհասկանաս բոլոր թաքնված ճանապարհները, որոնցով Աստված տանում է քեզ: Եվ ընդհանրապես, քո շուրջն ամեն բան կարող է թվալ լիովին հակառակ Աստծո Խոսքին, որը երբևէ տրվել է քեզ:

Բայց այդ ամենի մեջ Նա քեզ հետ է և քո աղբյուրն է: Կգա օրը, և Նա կկանչի քեզ, ինչպես Հովսեփին կանչեց՝ դուրս գալու զնդանից ու կանգնելու փարավոնի առջև:

Ես կարծում եմ, որ դա տեղի ունեցավ Հովսեփի համար ամենախավար օրերից մեկում, երբ նա միայնակ էր, մերժված, ու հանկարծ լսվեց բանտապահի ձայնը. «Հովսե՛փ, քեզ տեսքի բեր, փարավոնն է քեզ կանչում»:

Հովսեփի սիրտը, անկասկած, ուժգին տրոփում էր: Վերջապես նա կանգնած էր նախաշեմին՝ իմանալու, թե ինչու այդ ամենը կատարվեց իր հետ: Եվ երբ նա սափրվում էր ու կտրում մազերը, երևի մտածում էր. «Այո՛, սա սկիզբն է նրա, ինչ Աստված խոստացել էր ինձ: Այժմ ես գիտեմ, որ լսել եմ այն Խոսքը հենց Իրենից: Ո՛չ, այդ սատանան չէր ղեկավարում այս բոլոր իրավիճակները, իմ կյանքը իզուր չի անցել: Աստված է այս ողջ ընթացքում վերահսկել ու կառավարել ամեն բան»:

Կարճ ժամանակ անց Հովսեփն արդեն կանգնած էր փարավոնի առջև, րոպեներ անց նա հենց փարավոնի կողմից նշանակվում է երկրի երկրորդ կառավարիչ:

Ի՜նչ արագ ամեն բան փոխվեց… Մեկ ժամվա ընթացքում Հովսեփը մոռացված, անհայտ մի բանտարկյալից վերածվում է իշխանությամբ երկրորդ մարդը Եգիպտոսում:

Եվ երբ բոլորը ծափահարում, գովում, խոնարհվում էին նրա առջև, հանկարծ նա գիտակցում է, որ իր վաղեմի երազը իրականություն է դարձել:

Ինչպե՞ս եք դուք վերաբերվում ձեր կյանքում Աստծո գործերին, որոնք ձեզ համար անհասկանալի են: Վստա՞հ եք արդյոք, որ Աստված գործում է այն ամենի մեջ, ինչ կատարվում է այժմ ձեզ հետ՝ կատարելով ձեզ տրված Իր խոստումը: Կարո՞ղ եք արդյոք ասել. «Ինձ բավական է հիմա այն, ինչ գիտեմ. իսկ գիտեմ, որ Հիսուսը ինձ հետ է, և Նա օրհնում է իմ հոգին»:

Կանգնե՛ք հավատքով: Մի՛ վախեցեք, որովհետև դուք գտնվում եք Քրիստոսի դպրոցում: Ամեն բան Նրա ձեռքերում է գտնվում: Հանկարծակի կգա ժամանակը, երբ ձեր պատերազմը կավարտվի, ու ձեր հաղթանակը իրականություն կդառնա:

Դուք դուրս կգաք փորձության կրակից՝ որպես պատվական անոթ՝ կատարելու Նրա կամքը, ինչպես Հովսեփը: