Ձու, ձուկ, կանաչեղեն… Սուրբ Զատի՞կ…

Մոտենում է մեր՝ քրիստոնյաներիս համար անչափ սպասված տոնը՝ Հարության տոնը կամ, ինչպես ավելի տարածված է մեզանում ասել՝ Սուրբ Զատիկը:

Այս օրերում մի տեսակ և՛ շատ ուրախ եմ, և՛ շատ հուզված: Մի տեսակ տխրախառն հպարտություն եմ ապրում: Հպարտ եմ, որ քրիստոնյա եմ, հպարտ եմ, որ այն Աստված, Ում պաշտում եմ, հարություն է առել, որ Նրա խաչելությամբ դեռ ոչինչ չի ավարտվել, ինչպես բոլոր դեպքերում:

Նրա խաչելությամբ սկսվել է միլիարդավորների կյանքի նոր սկիզբը:

Ցավոք, այսօր մեր շատ ու շատ հայրենակիցներ, «Զատիկ» ասելով, հասկանում են ներկած ձու, ձուկ, կանաչեղեն և այս տեսակ շատ ու շատ բաներ:

Երբեմն սրտումդ բարկություն է բարձրանում, երբեմն էլ՝ խոր ցավ: Գրեթե միշտ հային բնորոշ հպարտությամբ տարբեր առիթներով ակնարկում ենք, որ առաջին քրիստոնյա պետությունն ենք, որ պետականորեն ընդունեց քրիստոնեությունը, բայց արի ու տես, որ այսչափ կարևոր տոնին լիովին այլ են մեր մոտեցումներն ու վերաբերմունքը:

Սուրբ Զատկի տոնին քրիստոնյաները սեղանին դնում են ձու, որը տիեզերքի խորհրդանիշն է, իսկ ներկած կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի՝ խաչի վրա թափված սուրբ արյունը: Ծլած ցորենը կյանքն է խորհրդանշում: Դրանից բացի սեղանին դնում են նաև ձուկ՝ քրիստոնյաների խորհրդանիշն է: Ինչպես նաև փլավ են պատրաստում, որն էլ հավիտենական կյանքն է խորհրդանշում:

Ես բոլորովին դեմ չեմ այս ամենին, ավելին՝ ամեն տարի հավատարմորեն հետևում եմ այս ավանդույթներին: Պարզապես ասելիքս այն է, որ կարևորենք ոչ թե ավանդույթները, այլ Նրան, Ում համար կամ Ում անունով անում ենք այս ամենը: Կարևորենք այն, որ «Նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայա 53.5):

Որպես հայ քրիստոնյա՝ երազում եմ, որ ամեն մեկիս համար «Քրիստոս հարյավ ի մեռելոց»-ը ոչ թե զուտ խոսքեր լինի, այլ գիտակցված, խորապես ապրած արտահայտություն, որին էլ կհաջորդի նույն ուրախությամբ գիտակցված պատասխանը՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

 

Հեղինակ՝  Գևորգ Սեդրակյան (Ֆեյսբուքյան գրառում)