Ինչպե՞ս է սկսվում քո օրը

Ինչպե՞ս է սկսվում քո օրը: Դու այն սկսում ես խառնաշփոթությա՞մբ և պոռթկումով` փորձելով երեք տարբեր բաներ անել միևնույն ժամանակ: Հաճա՞խ եք հայտնաբերում, որ ձեր շունչը ձեզ չի բավարարում, ջղագրգռվու՞մ ես և անտարբե՞ր ես կնոջդ կամ ամուսնուդ հանդեպ, կշտամբու՞մ ես երեխաներին, տագնապա՞ծ ես և ի վիճակի չես սթափ մտածե՞լու: Սկսու՞մ ես արդյոք օրդ առանց պատշաճ պատրաստության, հյուծված և անվստահությամբ, թե ինչ է քեզ սպասվում:

«Տե՛ր, առավոտյան լսիր իմ ձայնը. առավոտյան պատրաստ կլինեմ Քեզ համար ու կսպասեմ»:

Սաղմոս 5:3

Պատճառը պարզ է: Դու քո օրը ճիշտ չես սկսում: Դավթից սովորեք դասը. «Տե՛ր, առավոտյան լսի՛ր իմ ձայնը»: Առաջին բանը, որ Դավիթն անում էր ամեն առավոտ, իր ձայնը դեպի Տերը բարձրացնելն էր: Իր օրվա առաջին բառերը հասցեագրված էին Աստծուն և ոչ մարդկանց:
Նա շարունակում է. «Առավոտյան պատրաստ կլինեմ Քեզ համար ու կսպասեմ»: Օրը սկսելու ինչպիսի՜ իմաստուն ճանապարհ: Քո ձայնը բարձրացրու՛ Աստծուն աղոթքով: Քո խնդրանքը բեր Նրա առաջ: Նրա առաջ բեր այն բաները, որոնք դու պատրաստվում ես անել սկսվող օրվա ընթացքում: Նրան նվիրաբերիր այն խնդիրները և դժվարությունները, որոնց միջով անցնում ես: Քո որոշումը ներկայացրու նրան: Այնուհետև Դավթի նման դու էլ ի վիճակի կլինես սպասել ակնկալիքով: Դու օրը կդիմավորես ամբողջովին զինված, վստահությամբ սպասելով քո այն աղոթքների պատասխաններին, որոնք առավոտյան ներկայացրել էիր Աստծուն:
Հունական մի ասացվածք կա, որն ասում է. «Սկիզբը ամբողջի կեսն է»: Սա հատկապես ճիշտ է ամեն օր մեր ճանապարհը պատրաստելու համար: Այն ճանապարհը, որը մենք սկսում ենք, որոշում է գրեթե այն ամենը, ինչը հաջորդելու է դրան: Նման դեպքում օրվա ավարտն ավելի օրհնյալ կլինի, քան սկիզբը: Այնպես որ սկսես քո յուրաքանչյուր օրը` թույլ տալով Աստծուն լսել քո ձայնը:
Օգնի՛ր ինձ, Տե՛ր, որ իմ ամեն օրը ճիշտ սկսեմ` թույլ տալով Քեզ լսել իմ ձայնը և իմ խնդրանքները Քեզ ներկայացնելով:

Հատված` «Դավթի տավիղի լարերը» գրքից