Իմ հայրն անպայման գալու է մեր հետևից

Ամեն օր հայրը` որդու ձեռքը բռնած, նրան տանում էր դպրոց:
— Հայրի՛կ, դու ինձ ամեն օր բերում ես դպրոց, սակայն երբեք չես գալիս դպրոցից տուն տանելու, խոսք տո՛ւր, որ այսօր գալու ես իմ հետևից…

Հայրը, մեկ վայրկյան մտածելով, պատասխանում է.

— Խոսք եմ տալիս, տղա՛ս, այսօր ես եմ գալու քո հետևից, այսօր ես եմ քեզ տանելու տուն:

Այդ օրը դեկտեմբերի 7-ն էր, 1988 թվական. երկրաշարժ:

Հայրը, ով այդ պահին գտնվում էր դրսում, կարողացավ խույս տալ այդ աղետից, բայց նրան տանջում էր այն, ինչ տեսնում էր իր շուրջբոլորը… մահացած մարդիկ, փլատակների վերածված շենքեր ու հազարավոր մարդկանց լացակումած աղաղակներ…

Բայց նրան տանջում էր նաև այն միտքը, որ տղան դպրոցում է, և ինքն էլ խոսք է տվել գնալ նրա հետևից:

Սարսափած այս ամենից՝ հայրը վազում է դեպի դպրոց. պետք է ամեն գնով փրկեր իր զավակին…

Հասնելով դպրոցի մոտ՝ տեսնում է հիմնովին քանդված, գետնին հավասարեցված քարե կույտեր. դա դպրոցն էր:

Արցունքները սկսում են ավելի ու ավելի արագ հոսել աչքերից. «Ես պետք է գտնեմ տղայիս, ես նրան խոսք եմ տվել». կրկնում էր նա, ու փնտրում մոտավոր այն վայրը, որը կարող էր իր տղայի դասարանը լինել: Նա բարձրանում էր այդ ավերակների վրա ու սկսում այս ու այն կողմ հրել այդ քարե բեկորներն ու քանդված պատերը:

— Այդտեղ բոլորը մահացած են, ավելի լավ է եկեք այստեղ, դեռ կենդանի մարդիկ կան, եկեք նրանց փրկենք,- գոչում էին կողքի շինության վրա աշխատող փրկարարները:

— Ո՛չ, իմ տղան այստեղ է, նա կենդանի է…

Հայրը շարունակում էր փնտրել որդուն: Անցել էր մոտ 6 ժամ: Հոր մատները ցրտից և փլատակներ տեղաշարժելուց ամբողջությամբ արյունալվա էին եղել, բայց նա չէր հանձնվում, նա ուներ նպատակ՝ պետք է որդուն փրկեր: Անցավ 12 ժամ, 24, 36…

Նա շարունակում էր փնտրել, երբ հանկարծ նկատեց մի փոքրիկ անցք:

— Արմա՜ն, Արմա՜ն,-  գոչում էր նա իր ամբողջ ուժով:

Ու հանկարծ այդ մութ ու փոքր անցքից լսելի դարձավ որդու աղաղակը.

— Հայրի՜կ, դու եկար…

— Արման դու ողջ ես, ինպե՞ս ես, տղա՛ս:

— Լավ եմ հայրիկ, ես սոված եմ…

Դա դեպի նկուղ տանող անցք էր: Հայրը, փորձելով ավելի ու ավելի մեծացնել այն, մեկնում է ձեռքը.

— Արի՛, տղա՛ս, մենք տուն ենք գնում:

— Ո՛չ հայրիկ, սպասի՛ր, իմ ընկերներն էլ են այստեղ, մենք սոված ենք, այս ողջ ընթացքում ես նրանց հանգստացնում էի ու ասում. «Մի՛ անհանգստացեք, իմ հայրը գալու է իմ հետևից» …

Այսպիսին է նաև մեր Երկնային Հայրը, Նա անպայման գալու է մեր հետևից, պարզապես հավատացեք ու երբեք, երբեք մի՛ կորցրեք ձեր հույսն ու սրբությունը: