Զրույց վարսավիրանոցում

Մի մարդ գնում է վարսավիրանոց՝ սովորականի պես սափրվելու և մազերը կտրելու: Նա զրույցի է բռնվում իրեն սպասարկող վարսավիրի հետ: Խոսում են տարբեր թեմաների շուրջ, և հերթը հասնում է անդրշիրիմյան կյանքի թեմային: Վարսավիրն ասում է.
– Ինչ էլ որ ասեք, միևնույնն է, ես չեմ հավատում, որ Աստված կա:
– Ինչո՞ւ, – հարցնում է հաճախորդը:
– Դա պարզից էլ պարզ է: Բավական է դուրս գաք փողոց, որպեսզի համոզվեք, որ Աստված չկա: Դե, ասենք, եթե Աստված գոյություն ունի, որտեղի՞ց այսքան հիվանդ մարդիկ: Որտեղի՞ց են այսքան անտուն երեխաները: Եթե Աստված իրականում գոյություն ունենար, չէր լինի ո՛չ տառապանք, ո՛չ ցավ: Դժվար է պատկերացնել, որ կա սիրող Աստված, ով թույլ է տալիս այս ամենը:

Հաճախորդը մի պահ մտահոգվում է, բայց որոշում է լռել, որպեսզի վիճաբանության մեջ չընկնի: Երբ վարսավիրն ավարտում է իր գործը, հաճախորդը հեռանում է: Դուրս գալով վարսավիրանոցից՝ նա նկատում է չսափրված, անխնամ երկար մազերով մի մարդու՝ այնքան թափթփված տեսքով, որ կարծես մի ամբողջ հավիտենություն չէր կտրել մազերը: Հաճախորդը վերադառնում է վարսավիրանոց և ասում վարսավիրին.
– Գիտե՞ք ես ինչ կասեմ ձեզ, կասեմ, որ վարսավիրներ չկան:
– Ինչպե՞ս թե, – զարմանում է վարսավիրը, – մի՞թե ես հաշվի մեջ չեմ: Չէ՞ որ ես վարսավիր եմ:
– Ո՛չ, – ասում է հաճախորդը, – վարսավիրներ գոյություն չունեն, այլապես չէին լինի չհարդարված, չսափրված մարդիկ, ինչպես այն մարդը, որ գնում է փողոցով:
– Դե, հարգելի՛ս, հարցը վարսավիրի մեջ չէ: Ուղղակի մարդիկ իրենք չեն գալիս ինձ մոտ:
– Խնդիրը հենց այդ է, – հաստատում է հաճախորդը, – ես էլ նույն բանն եմ ասում`

Աստված կա, ուղղակի մարդիկ չեն փնտրում ու չեն գնում Նրա մոտ: Ահա թե ինչու աշխարհում այսքան շատ ցավ ու տառապանք կա: