Անորոշություն, ամեն կողմից փակուղի

Երբ այլևս չգիտես, թե դեպի որ կողմը շարժվես: Երբ երազանքդ աստիճանաբար սկսում է «մահանալ»: Արդյոք չե՞ս հայտնվել նման իրավիճակում:

Աստվածաշնչի ամենաազդեցիկ հերոսներից մեկը` Հովսեփը, նույնպես հայտնվել էր այսպիսի իրավիճակում: Ծննդոց 37 -րդ գլխում Աստված Հովսեփին մի մեծ երազանք է տալիս: Եվ մեկ օր Հովսեփը սկսում է իր ճանապարհը դեպի այդ երազանքը: Սակայն ճանապարհի կեսին հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Հովսեփն իր իսկ եղբայրների ձեռքով հայտնվում է գուբի մեջ:

Այդ գուբը մեր կյանքի այն ժամանակահատվածն է, երբ մեր շուրջբոլորը անորոշություն է, երբ մենք կանգնած ենք փակուղու առաջ: Երբ չգիտենք, թե այլևս որ ուղղությամբ պիտի շարժվենք և ինչ պիտի անենք: 24 — րդ խոսքում գրված է, որ գուբը «դատարկ էր և մեջը ջուր չկար»: Ջուրը Սուրբ Գրքում մշտապես կյանքի խորհուրդն է կրում: Իսկ գուբը նաև զուրկ էր ջրից, այսինքն` կյանքից: Իսկ այնտեղ, որտեղ բացակայում է կյանքը, իշխում է մահը:

Անորոշությունը, դատարկությունը սպանում է մեր երազանքներն ու տեսիլքները, որոնք մեր առջև դրել է մեր Հայրը:  Ուստի Աստված չի ցանկանա, որ մենք մնանք անորոշության և դատարկություն գուբի մեջ:

Եթե այսօր կանգ ես առել փակուղու առաջ, ապա իմացիր, որ ունես մի հզոր զենք, որը կոչվում է երկրպագություն: Ինչպիսին էլ լինի այդ գուբը. Հենց այսօր ոտքի կանգնիր և սկսիր երկրպագել Աստծուն: Եվ կտեսնես, թե ինչպես է ցրվում անորոշությունը: Կարծես Աստված նորից լուսավորում է քո ճանապարհը, որը տանում է քեզ դեպի այն մեծ երազանքը, որն ամենակարող Հայր Աստվածը մեկ օր դրեց քո սրտում:

Սկսի՛ր երկրպագել, դո՛ւրս արի գուբից և հասի՛ր քո երազանքին:

Ռոման Հովհաննիսյան