Հոր նվերը

Մի երիտասարդ տղա պատրաստվում էր իր ավարտական երեկոյին։ Շատ ամիսներ նա երազել էր մի գեղեցիկ սպորտային մեքենայի մասին, որը ցուցադրված էր ավտոմեքենաների սրահում։ Նա գիտեր, որ հայրը կարող էր գնել այդ մեքենան, և հորն ասել էր, որ դա իր միակ ցանկությունն է։
Մոտենում էր ավարտական երեկոյի օրը, և երիտասարդն անհամբեր սպասում էր, որ հայրը որևէ նշանով ցույց տա այդ մեքենան գնած լինելու հանգամանքը։ Վերջապես ավարտական երեկոյի օրը եկավ, և առավոտյան հայրը կանչեց տղային իր մոտ, ասեց, թե ինքը որքան հպարտ ու երջանիկ է, որ ունի այդպիսի որդի, որին շատ֊շատ է սիրում։ Հայրը որդուն տվեց գեղեցիկ փաթեթավորված մի տուփ։ Հետաքրքրությամբ և մի փոքր էլ հիասթափված տղան բացեց տուփը և այնտեղ գտավ մի գեղեցիկ, կաշվե կազմով Աստվածաշունչ, որի վրա ոսկյա տառերով գրված էր իր անունը։ Հուզված և բարկացած՝ նա սկսեց բղավել հոր վրա. «Այդքան հարստության մեջ դու ինձ Աստվածաշունչ ես նվիրում»։ Նա դուրս թռավ տնից՝ իր հետ չտանելով Աստվածաշունչը։
Անցան տարիներ։ Երիտասարդ տղան կայացավ որպես գործարար, նա ուներ գեղեցիկ տուն և գեղեցիկ ընտանիք։ Նա հասկանում էր, որ հայրն արդեն շատ ծեր է, և ինքը պետք է այցելի նրան, չէ՞ որ հորը չէր տեսել այն ավարտական երեկոյից հետո։ Սակայն մինչ նա կկարողանար այցելել հորը, ստացավ հեռագիր այն մասին, որ հայրը մահացել է և ողջ ունեցվածքը կտակել որդուն։ Նա պետք է գնար և տնօրիներ ամբողջ հարստությունը։ Երբ նա մտավ հայրական տուն, տխրությունն ու զղջումը պարուրեցին նրա սիրտը։ Նա սկսեց աչքի անցկացնել հոր կարևոր փաստաթղթերն ու տեսավ Աստվածաշունչը՝ բոլորովին նոր, հենց այն վիճակում, որում նա թողել էր այն երկար տարիներ առաջ։ Արցունքն աչքերին նա բացեց Աստվածաշունչը և սկսեց թերթել էջերը։ Նրա հայրը շատ խնամքով ընդգծել էր խոսքերից մեկը․ «Ուստի, եթե դուք որ չար էք, ձեր զավակներին աղեկ ընծաներ տալ գիտեք, ո՜րչափ ավելի ձեր Հայրը, որ երկինքն է, բարի բաներ պիտի տա անոնց, որ Իրմէ կը խնդրեն» (Մատթևոս 7։11)։ Երբ նա կարդաց այդ խոսքերը, մեքենայի բանալիներն ընկան Աստվածաշնչի միջից։
Նրանց վրա ավտոմեքենաների սրահի նշանն էր, որտեղ վաճառվումեր այն սպորտային մեքենան, որի մասին ինքը երազում էր այն ժամանակ։ Նշված էր ամսաթիվը՝ ավարտական երեկոյի օրը, և գրված էր, որ արժեքն ամբողջությամբ վճարված է։
Ինչքա՜ն հաճախ ենք մենք բաց թողնում Աստծո ողորմությունը միայն այն պատճառով, որ այն «փաթեթավորված է» ոչ այնպես, ինչպես մենք ենք սպասում։ Չէ՞ որ Աստված մեզ սիրում է, Նա ողորմած է, Նա օգնում է մեզ մեր կարիքներում և ուղարկում է Իր օրհնությունները։ Ամեն։