Ի՞նչ պետք է հիշենք, երբ թվում է, թե Աստված թողել է մեզ

«Արդյոք Աստված կթողնի՞ ինձ». կարծում եմ՝ եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ապա կխոստովանենք, որ ներսում բոլորս ունեցել ենք այս հարցը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար:
Իրականում, այս հարցը և նրա պատասխանը կարող են լինել որոշիչ՝ մեր անկարողության ու տկարության մեջ մեր անձերը Աստծուն լիովին հանձնելու հարցում:
Սա հավատքի կանոնավոր ընթացքի մի մաս է: Բայց ես համարում եմ, որ իրական հարցը, որ կանգնած է բոլոր կասկածների հետևում, սա է՝ Արդյոք Աստված սիրո՞ւմ է ինձ: Սա է թաքնված Աստծուն հանձնվելու դժկամության հետևում:
Ամեն բան վերադառնում է սիրո թեմային: Մենք ստեղծված ենք սիրված լինելու ու ուրիշներին սիրելու համար: Երբ սերը բացակայում է, կամ այն հարցականի տակ է դրվում, մենք կորցնում ենք ապահովության զգացումը, ինչն էլ տանում է՝ վերահսկելու մեր ցանկությանը:
Եթե մենք մեզ ապահով չենք զգում՝ մեր հանդեպ Աստծո ունեցած սիրո մեջ, ապա չենք կարող լիակատար հանձնվել Նրան: Մենք կարող ենք հավատալ, որ Աստված բարի է: Բայց արդյոք հավատո՞ւմ ենք, որ Նա բարի է հենց մեր հանդեպ:
Աստված մոռացել էր Ինձ:
Երբ տասնհինգ տարեկան աղջիկ էի, նստած էի անկողնումս ու լսում էի, թե ինչպես էր հայրս իր իրերը հավաքում, իսկ մայրս, նրա ձեռքը բռնած, աղերսում՝ մնալ: Հայրս, սակայն, հեռացավ:
Աստված թողել էր ինձ: Իմ ընտանիքը քանդվեց: Խավարը ներս էր սողոսկել:
Հինգ տարի անց ես նստած էի այգում՝ իմ հոր թաղումից հետո. մտքումս այնքան բազում մտքեր ու հարցեր կային: Ես այդ ժամանակ անգամ համոզված չէի, որ Աստված կար, բայց անգամ՝ եթե կար, Նա, անշուշտ, թողել էր ինձ: Խավարը «հանգրվանել» էր իմ կյանքի վրա:
Մի քանի տարի անց, երբ արդեն ամուսնացած էի, իմացա հղիությանս մասին, բայց մի բան այն չէր: Իմ երեխան առողջ չէր լինելու: Ես համոզում էի ինձ, որ «նորմալ» երեխա կունենամ: Եվ կրկին, եթե կար Աստված, ապա Նա լքել էր ինձ:
Ամիսներ անցան, ծնվեց իմ դուստրը: Չնայած բժիշկների կանխատեսումներին, նա բժշկվեց… Հիշում եմ, թե ինչպես էի գոհանում Աստծուց, Ում այն ժամանակ դեռ չէի էլ ճանաչում: Թվում էր, թե խավարն է հաղթում, բայց մի թեթև նշմարվող լույս սկսեց երևալ իմ կյանքում:
Երեք տարի անց, սակայն, խավարը վերադարձավ ու կրկին կլանեց ինձ, երբ ես հայտնվեցի մի անասելի ընկճված վիճակում: Միայն խավարն էր մնացել: Բայց հենց այդտեղ՝ ամենախավար տեղում, առաջին անգամ իմ կյանքում ես կարողացա տեսնել Լույսը:
Լույսն ավելի պայծառ է վառվում խավարի մեջ, և ահա Նա՝ աշխարհի Լույսը, ինձ դուրս բերեց խորը փոսից՝ ազատագրելով ինձ ամբողջությամբ:
Պատրանքն ու Ճշմարտությունը:
Աստված ասել է Իր ժողովրդին. «…Քեզ չեմ թողնի և քեզ անտես չեմ անի»: Եթե մեկ օր Աստծուն դառնաս, ապա Նրանը կլինես: Նա քեզ չի թողնի, քանզի դա Աստծո բնությանը դեմ է՝ քեզ անտես անելը:
Աստված Սեր է: Նա վստահելի է և Նա հավատարիմ է: Դու կարող ես քո անձը Նրան վստահել ու խաղաղվել քո հանդեպ Նրա սիրո մեջ:
Եվ Աստծո Խոսքն ասում է, որ այս աշխարհում նեղություն կունենանք: Կյանքը կձգտի համոզել քեզ, որ քո փորձություններն ապացույց են, որ Աստված թողել է քեզ, բայց սա ընդամենը պատրանք է՝ սուտ:
Փորձությունները շատ պատճառներ ունեն: Եվ ամեն փորձության մեջ Աստված գործում է:
Հռոմեացիս 8.28-ում գրված է. «Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին, նրանց՝ որ նախասահմանելովը կանչված են»:

– Աստված սիրում է մեզ: Եվ հաջորդ անգամ, երբ ներսումդ գայթակղություն առաջանա Աստծո նախանձավորությունը քո հանդեպ կասկածի տակ դնելու, հիշի՛ր.
– Աստծո Խոսքը ճշմարիտ է:
– Աստված խորապես ճանաչում է քեզ և սիրում է քեզ անմնացորդ:
– Աստված քո կողմից է, ոչ թե՝ քեզ դեմ:
– Աստված հավատարիմ է:
– Աստված քեզ չի թողնի:
– Աստված քեզ համար ամեն բան բարիի գործակից կդարձնի (եթե Իր առջև արդար լինես):

Քո անձը Նրան հանձնիր ամբողջովին, անմնացորդ: