Ժլատ մարդը

Հնդկաստանում մի առակ է պատմվում ինքնահավան ու ժլատ մարդու մասին, որը բրնձի դաշտ ուներ։
Ամռանը ջուրը ոռոգում էր նրա դաշտը և շարունակում էր հոսել ու ջրել նաև հարևանի դաշտը՝ լավ բերք ու օրհնություն բերելով թե՛ դաշտի տիրոջը և թե՛ հարևանին։ Սակայն, երբ գալիս է հաջորդ ամառը, այդ ինքնահավան ու ագահ մարդն իր սրտում մտածում է․ «Չէ՞ որ ջուրը հարստություն է։ Այն հոսում է իր ետևից բերք է թողնում։ Ինչպիսի հիմարություն էր, որ ես անցած տարի թույլ տվեցի իմ դաշտի ջրով ոռոգվեր նաև հարևանի դաշտը»։
Այդպես մտածելով՝ նա փակում և արգելում է ջրի մուտքը դեպի հարևանի դաշտ։ Այդ անելով նա վնասում է և՛ հարևանին, և՛ իրեն՝ փտեցնելով իր սեփական դաշտի բերքը, քանի որ ջուրը չհոսելով լճացել ու նեխել էր։
  Այդպես պատահում է և հոգևոր կյանքում։ Եթե մեր մեջ եղած կյանքը չառաջանա, չհոսի, և այդ օրհնությունը չտարածվի մեր շրջապատի ու մեզ վրա, մենք էլ կնմանվենք այդ հիմար մարդու դաշտին՝ կփտի մեր ներսը և կվնասի նաև մեր շրջապատին։