Երկնային նպարեղենի խանութը. իսկ ո՞վ է վճարելու…

Որոշ ժամանակ առաջ ես քայլում էի կյանքի մայրուղով և մեկ օր նկատեցի մի գրություն՝ «Երկնային նպարեղենի խանութ»:
Երբ մի քիչ մոտեցա դռանը, այն լայն բացվեց, և ես հայտնվեցի ներսում:
Այնտեղ ես տեսա մի շարք հյուրընկալող հրեշտակների, ովքեր կանգնած էին ամենուր:
Նրանցից մեկն ինձ տվեց մի արկղ և ասաց.
– Տղա՛ս, խնամքով արա առևտուրդ: Այն ամենը, ինչի կարիքն ունի քրիստոնյան, այս խանութում կա: Իսկ ինչ էլ չկարողանաս վերցնել այսօր, կարող ես գալ վաղը՝ ավելին ձեռք բերելու համար:
Նախևառաջ, ես վերցրեցի մի քիչ Համբերություն, նույն շարքում էր նաև Սերը: Քիչ հեռու գտնվում էր Հասկացողությունը, որն անհրաժեշտ է ամեն տեղ, ուր գնում ես:
Ես վերցրեցի մեկ-երկու տուփ Իմաստություն, մեկ-երկու տոպրակ էլ Հավատք:
Այնուհետև ես կանգ առա՝ վերցնելու մի քիչ Ուժ և Քաջություն, ինչ կօգներ ինձ անցնել այս մրցավազքը, և այնուհետև նկատեցի, որ իմ արկղն արդեն լցվում է, և հիշեցի, որ պետք է Շնորհք էլ վերցնեմ:
Ես նաև չմոռացա Փրկությունը, որը, ինչպես մնացած բոլոր բաները, անվճար էր, այնպես որ ես փորձեցի դրանից վերցնել այնքան շատ, որ բավականեցներ և՛ ինձ, և՛ քեզ:
Այնուհետև ես գնացի հաշվիչի մոտ, որպեսզի իմանամ, թե որքան պետք է վճարեմ վերցված ապրանքների համար, քանի որ կարծում էի, որ ադրեն վերցրել էի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իմ Տիրոջ կամքը կատարելու համար:
Բայց երբ դուրս եկա միջանցք, տեսա Աղոթքը և դրանից էլ վերցրեցի, քանի որ լավ գիտեի, որ այդտեղից դուրս գալուն պես՝ ուղիղ դեպի մեղքն էի քայլելու, և այն ինձ կօգներ խուսափել դրանից:
Խաղաղությունն ու Ուրախությունը շատ-շատ էին, դրանք վերջին պահարանում էին դրված, որոնց շատ մոտ դրված էին նաև Երգն ու Փառաբանությունը, ուստի ես դրանք էլ վերցրեցի:
Այնուհետ հարցրեցի հրեշտակին.
– Որքա՞ն եմ ես պարտք:
Հրեշտակը ժպտաց և ասաց.
– Պարզապես դրանք տար ամեն տեղ, ուր կգնաս:
Բայց ես կրկին քաղաքավարի հարցրեցի, թե որքան պետք է վճարեմ: Եվ հրեշտակը կրկին ժպտալով պատասխանեց.
– Որդի՛ս, Հիսուսը քո պարտքը վճարել է շա՜տ տարիներ առաջ: Միակ խնդրանքը և պայմանը՝ այն ամենը, ինչ վերցրիր այստեղից, օգտագործի՛ր, տո՛ւր մարդկանց, տարածի՛ր քո շրջապատում: Եվ երբ դարձյալ կարիք կզգաս, կարող ես գալ այստեղ՝ Աստծո ներկայության մեջ և վերցնել այն ամենը, ինչ կկամենաս: