Դու հաղթող ես

«Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որ դուք զորավոր եք, և Աստծո Խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթել եք չարին»: (Ա Հովհանեսի 2. 14)
Մարդը ստեղծված է հաղթող լինելու համար։ Աստվածաշունչն է դա ասում։ Օրինակ՝ Ծննդոց գրքում կարդում ենք, որ մարդը ստեղծվեց այս երկրի վրա որպես իշխող տիրակալ։ Աստված նրան իշխանություն տվեց երկրի և ամեն սողացող, լողացող, ամեն թռչող և շնչող էակի վրա։
Մարդը չգիտեր, թե ինչ է պարտությունը, մինչև չբաժանվեց Աստծուց Եդեմի պարտեզում անհնազանդության պատճառով։ Դրանից հետո նա սկսեց խորասուզվել պարտության մեջ։ Նա ստիպված էր ընդունել, որ անհաջողությունն իր կյանքի ճակատագիրն է։ Նա ինքն իրեն իջեցրեց և զբաղեցրեց ցածր դիրք, մի դիրք, որը նա երբեք չպետք է զբաղեցներ։
Սա տխուր պատմություն է։ Բայց եթե դու Աստծո վերստին ծնված զավակ ես, քո պատմությունը պետք է երջանիկ ավարտ ունենա։ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի միջոցով դու մեկընդմիշտ հաղթող ես դարձել։
Իրականում Աստված երաշխավորել Է քո հաջողությունը։ Թույլ տուր ասեմ, թե ինչ նկատի ունեմ։ Պատկերացնենք, թե դու պետք է մի շատ դժվար գործ ձեռնարկես, և նախքան դա սկսելը Աստված քեզ բարձրաձայն ասում Է․ «Ուզում Եմ իմանաս, որ Ես պատրաստվում եմ անձամբ հետևել այդ ծրագրին, որի վրա աշխատում ես, որ հաջողություն ունենաս»:
Թույլ տուր մի բան ասել։ Դու ունես Աստծո խոստումը, որ հաջողակ կլինես։ Նա Իր Խոսքում ասել է, որ դու հաղթող ես։ Նրանում դու կարող ես հաղթահարել ցանկացած խնդիր, որ այս աշխարհը կմատուցի քեզ (Ա Հովհանեսի 5․ 1-5)։
Նշանակություն չունի, թե որքան ձախողակ ես ինքդ քեզ համարում։ Նշանակություն չունի, թե քանի անգամ ես պարտվել անցյալում։ Եթե դու հավատում ես, որ Հիսուսը Քրիստոսն Է, Կենդանի Աստծո Որդին, այդ դեպքում Նրանում դու ավելին ես, քան հաղթող (Հռոմեացիների 8․37)։
Եթե վերջերս քեզ ձախողակ էիր համարում, նորոգիր քո միտքը Աստծո Խոսքի համեմատ։ Իսկ Խոսքն ասում Է, որ դու հաջողակ ես։ Ամեն անգամ երբ հանդիպում ես ինչ-որ մարտահրավերի, պատասխանիր դրան՝ ասելով․ «Փառք Աստծուն, ես կարող եմ հաղթահարել սա, քանի որ ես հաղթող եմ Հիսուս Քրիստոսում»:

Թույլ տուր, որ Աստծուց եկած Խոսքը բնակվի քո մեջ։ Այն քեզ հաղթող կդարձնի։

«Հավատքից հավատք» գրքից