Աստված գիտի, թե ինչ դու չունես

«Աստված խոստացել է լրացնել մեր բոլոր կարիքները: Եթե դու հիմա ինչ-որ բան չունես, ապա դա պետք չէ քեզ»:

Երբ հիշում եմ Էլեզաբեթ Էլիոթի այս խոսքերը, միանգամից ուրախությամբ եմ լցվում և համաձայնում եմ: Հիշում եմ նրա կյանքը. իր սպանված միսիոներ ամուսնուն, նրա նվիրվածությունը Ավետարանին, լիակատար անկեղծությունը Հիսուսի հետ, խոսքերի ու կյանքի ներդաշնակությունը, և ասում եմ «ամեն»:

Նրա կյանքի հանգամանքներն ինձ համար լեգենդ էին դարձել, երբ երեխա էի: Ակնհայտ էր, որ Աստված այդկերպ իր բոլոր դժբախտություններն ու անհավանական հիասթափություններն օգտագործում էր, որպեսզի, նվազագույնը, օգնի ուրիշներին, ովքեր մեկ օր կլսեն իր կյանքի պատմությունը:Ես ցանկանում էի նրա նման լինել. ցանկանում էի Աստծուն նույնքան խորությամբ ճանաչել, ինչպես ինքը. ճանաչել այն Աստծուն, Ով ամեն փորձություն վերածում է բարիքի:

Բայց ես մինչև վերջ չէի հասկանում, որ նման մեթոդներով Աստված նրա մեջ անկոտրում հավատք էր ձևավորում: Ես կարծում էի, կամ նվազագույնը, հույս ունեի, որ Աստծո հետ հարաբերություններում նման մտերմությունը և Նրա հանդեպ ունեցած խորը վստահությունը կյանքում գալիս է տեսանելի օրհնությունների միջոցով: Բայց հայտնաբերեցի, որ նրան նման լինելու և Աստծուն նման կերպ ճանաչելու համար, ինչպես ինքն էր ճանաչում, ես պետք է սովորեմ ուրախությամբ հնազանդվել Աստվածաշչյան կարգապահությանը, գնամ տառապանքների ճանապարհով և գտնեմ գեղեցկություն՝«հողի և մոխրի» մեջ կենալով:

Որոնք են մեր կարիքները

Ես կանգնած էի մեր նահանգում առաջին օգնության խոշորագույն բաժանմունքում՝ ժամանակակից մանկական հիվանդանոցում: Այդ սենյակում գրեթե տեղ չկար ինձ համար, որովհետև բուժանձնակազմից տասներեք հոգի անընդհատ գնում-գալիս էին՝ իրար հազիվ տեղ տալով, իսկ գլխավոր բժիշկըկտրուկ հրահանգներ էր հնչեցնում: Եվ սենյակի մեջտեղում՝ այս ողջ իրարանցման էպիկենտրոնում իմ 13 ամսական որդին էր՝ անշարժ, գունատ և անշունչ: Ես ուզում էի բարձրաձայն լացել, հնչեցնել նրա անունը և աղաչել, որպեսզի ինչ-որ մեկն ինձ ասի, թե ինչպես նման բան կարող էր կատարվել:

Բայց ես ոչինչ չէի անում: Ես լուռ կանգնել էի՝ անշարժ ձեռքերս իրար սեղմած՝ լսելով սրտիս տրոփյունը: Թվում էր, որ այն պարզապես տարրալուծվել է և վերացել: Ես մտածում էի, որ եթե ինձ լուռ ու զուսպ պահեմ, ինձ թույլ կտան իմ որդու կողքին լինել: Տեսնում էի, որ նրան սրսկումներ էին անում՝ ուղիղ ներարկում անելով ոսկորներին, որպեսզի դեղերը հնարավորինս արագ հայտնվեն ոսկրածուծի մեջ: Ես գնում էի սայլակի ետևից՝ ատամներս իրար սեղմած, մինչդեռ բուժքույրը արագորեն սեղմում էր արհեստական շնչառության օդափոխման սարքը, մինչև վերակենդանացման բաժանմունքում իմ որդուն չմիացրեցին սարքավորումներին, որոնք շնչելու էին նրա փոխարեն:

Այդ օրը, երբ ես արդեն հինգ կենդանի ու առողջ երեխաների մայր էի, իմ կրտսեր որդին մահվան շեմին էր: Ես բախվեցի մի որոշակի «ծրագրի», որը ոչ մի կերպ չէր համապատսխանում իմ սեփականին: Ընդ որում, եթե անկեղծ, նման բան ինձ հետ ամեն օր է կատարվում: Չեմ հիշում մի օր, որը լիովին կանցներ իմ ծրագրերին համապատասխան: Բայց իմ ու Աստծո ծրագրերի անհամապատասխանությունը սովորաբար դրսևորվում էր ոչ մեծ չափերով: Իսկ երբ որդուս կյանքը մազից էր կախված, դա, իհարկե, չէր մտնում իմ ծրագրերի մեջ:

Ինչ է նշանակում առաջընթաց

Այդ գիշեր, երբ անգիտակից վիճակում պառկած փոքրիկ որդուս կողքին էի, իսկ լռության մեջ լսվում էր օդափոխիչ մեքենայի թեթև, բայց սարսափեցնող աղմուկը, հենց այդ գիշեր Աստված փոխում էր իմ պատկերացումը քրիստոնյայի առաջընթացի մասին: Հետագա տարիներին ես շարունակաբար այս հարցին էի բախվում. ինչ է պետք է իմ ընտանիքին և ինձ իսկապես առաջադիմելու համար՝ որպես Աստծո զավակներ:

Արդյոք դրա համար պե՞տք է որ որդիս առողջ լինի կամ որ իմ բոլոր երեխաներն ունենան անամպ մանկություն: Որչա՞փ ներդաշնակ պետք է լինի իմ կյանքը, որպեսզի ես հաջողակ մարդ լինեմ:

Ամեն մեկս որոշակի հարցեր ունենք: Արդյոք ինձ հաջողված քրիստոնյա համարելու համար ինձ առողջ ամուսնությո՞ւն է անհրաժեշտ: Կամ որ իմ բոլոր երեխաները փրկվա՞ծ լինեն: Եվ շարունակ նման հարցեր:

Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ասում էր. «Եվ իմ Աստվածը լրացնի ձեր ամեն կարոտությունն իր հարստության չափով՝ փառքով Քրիստոս Հիսուսումը»(Փիլ. 4.19):

Լռություն՝ փոթորկից հետո  

Իմ որդին կենդանի է մնում: Ես այդ փորձությունն էլ հաղթահարեցի, չնայած չեմ ասի, որ դա հիվանդանոց մեր վերջին այցն էր:

Հաղթանակի զգացումը պարուրել էր ինձ: Մենք կանգնուն մնացինք: Իմ հավատքը չսասանվեց, այլ ընդհակառակը՝ամրացավ: Բայց վերջին տարիներին ինձ համար բացահայտեցի մեկ ճշմարտություն ևս. մենք սովոր ենք մտածել, որ մեր հավատքիի համար մեծագույն սպառնալիքը՝ մեծ խնդիրներն են, բայց միշտ չէ, որ այդպես է: Հաճախ մենք զորավոր կերպով անցնում ենք «սարսափելի մեծ փորձությունները»: Շնորհով, աղոթքներով և Աստծո զորավոր մարդկանց օգնությամբ մենք պահում ենք Աստծո խոստմունքների հանդեպ հավատքը և չենք հանձնվում: Բայց հաճախ հենց նման մեծ փորձություններին հաջորդող «փոքրիկ փորձություններն են», որ սպառնում մեզ հանել հունից:

Հիվանդանոցում այդ սարսափելի գիշերներից մի քանի տարի անց, երբ իմ որդու առողջությունը բարելավվում էր և առաջին հայացքից ամեն բան լավ էր ընթանում, մեկ օր՝ գիշերը ժամը 2-ին ես աղաղակեցի Աստծուն. «Վերջ: Ես այլևս չեմ կարող այսպես: Ես չեմ կարող իմ պարտականությունները կատարել, երբ այդքան քիչ եմ քնում գիշերները: Ինձ անհրաժեշտ է, որ դու, Տե՛ր, թեթևացնես այս դրությունը: Արա մի բան, որ գիշերային այս մղձավանջը դադարի»: Բանը նրանում էր, որ մեր կրտսեր որդին այս ամենի հետևանքով ուներ քնի լուրջ խանգարումներ: Ժամանակ առ ժամանակ իրավիճակը բարելավվում էր, բայց ընդհանուր առմամբ կյանքի նման հինգ տարիները ինձ սպառել էին թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Սա «փոքրիկ խնդիր էր», որը սպառնում էր ինձ հունից հանել:

Զգուշացեք «փոքր փորձություններից»

Աստված թույլ չտվեց իմ սրտին կենտրոնանալ փոքրիկ կարիքների վրա: Մենք ունենք ավելի մեծ կարիքներ, քան քունը: Ավելի մեծ կարիքներ, քան մեր կամ մեր երեխաների առողջությունը: Ավելի մեծ կարիքներ, քան ներքին ներդաշնակությունը, քան մեր աշխատանքը, կարիերան կամ տունը: Մենք ունենք ավելի մեծ կարիքներ, քան Աստծուն ծառայելը այնպես, ինչպես մենք կցանկանայինք:

Ինչի կարիքը ես իսկապես ունեի այն էր, որ ավելի ուշադիր կարդամ Փիլ. 4-րդ գլուխը և տեսնեմ,որ Պողոսը հայտնվել էր մի իրավիճակում, երբ բոլոր այդ ամենօրյա կարիքները չէին բավարարվում: Բայց նա ասում է. «Գիտեմ պակասություն քաշել, և ավելությունով լինելն էլ. ամեն բանիմեջ ամենին լավ տեղեկացած եմ՝ կշտանալն էլ սովելն էլ. ավելությունով ունենալն էլ, պակասություն քաշելն էլ» (Փիլ. 4.12):

Ցանկացած իրավիճակներում:

Աստծո պատկերացումները մեր առաջադիմության մասին տարբերվում են մեր պատկերացումներից: Մենք կարծում ենք, որ որպես Աստծո ժողովուրդ հաջողություն ունենալու համար մեզ անհրաժեշտ է՝ լավ աշխատանք ունենալ, լինել այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր մեզ հարգանքով կվերաբերվեն, ունենալ ինչ-որ բանում հաջողության հասնելու հնարավորություն, օրվա մեջ 8 ժամ քնելու հնարավորություն և այլն: Այս ամենը լավ է, բայց Աստված առաջին  հերթին այս մասին չէ հոգ տանում, երբ խոսքը գնում է մեր բարօրության մասին:

Աստվածային տնտեսության մեջ մենք առաջադիմում ենք, երբ առաջինը Աստծո կարիքն ունենք և այդ կարիքի բավարարումը Աստծո մեջ ենք գտնում: Սիրելի եղբայրներ և քույրեր, արևի տակ չկան իրավիճակներ, որոնք Աստված չի օգտագործի արդարության մեջ մեր առաջադիմության համար: Չկա մի կարիք, որի մեջ Աստված չի դրսևորում Իր ներկայության լիությունը: Նրա խոստմունքը իսկապես ճշմարիտ է. «Եվ իմ Աստվածը լրացնի ձեր ամեն կարոտությունն իր հարստության չափով՝ փառքով ՔրիստոսՀիսուսումը» (Փիլ. 4.19): Քրիստոսից դուրս չկա ոչինչ, ինչի կարիքը մենք իսկապես ունենք:

Ավելին ասեմ, հաճախ հենց այն իրավիճակները, երբ մենք չենք ստանում ամենը մեր երկրային կարիքների և ցանկությունների բավարարման համար, Աստված օգտագործում է որպես միջոց՝ սրբության և Նրանում ունեցած մեր ուրախության մեջ աճելու համար: Երբ մենք դժվարություններով ենք, Նրա հետ մեր միաբանությունն ամրապնդվում է :

Էլիզաբեթը, ինչպես միշտ, ճիշտ է. «Աստված խոստացել է լրացնել մեր բոլոր կարիքները: Եթե դու հիմա ինչ-որ բան չունես, ապա դա քեղ պետք չէ»: Եվ այն, ինչի կարիքը ունենք հիմա՝ մենք արդեն ունենք՝ Աստվածային հայրական սերը և Նրա զորավոր, գերիշխան ձեռքը, շնորհիվ որի «ամեն բան բարիի գործակից է դառնում» (Հռ. 8.28), բարեխոս Քրիստոսին, Նրա կողմից տրված փրկությունը և արդարությունը (Ա Հովհ. 2.1. Փիլ. 3.20, Ա Կորնթ.1.30) և Սուրբ Հոգու բարեխությունը, Նրա օգնությունը և մխիթարությունն օրեցօր (Հռոմ. 8.26-27):

Այսպիսով, մեր կյանքի վերջում մենք վստահությամբ կասենք. «Ես երբեք կարոտություն չեմ ունեցել: Երբեք իմ Հայրը չի պատասխանել ինձ «ոչ», որը հետագայում չի դարձել «այո»՝ լավագույն և ավելի խորը բաների համար»:

Աբիգեյլ Դոդս
Աղբյուր՝ CrossNews.am